Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

«Պատերազմական իրավիճակում բոլոր տեսակի անհարմարություններն օբյեկտիվ են». Նաիրի Հոխիկյան

00:25, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
«Պատերազմական իրավիճակում բոլոր տեսակի անհարմարություններն օբյեկտիվ են». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 2-3 օրերին համացանցում տարածվում են տեսանյութեր մարտական ծառայություն իրականացնող հայկական կողմի կամավորականների կամ զորակոչված պահեստազորի որոշ խնդիրների մասին։
     ԽՆԴԻՐ
     Արցախի մի տարածքում սեփական մաշկի վրա զգացած լինելով այդ խնդիրներից որոշները՝ պետք է շեշտեմ, որ պատերազմական իրավիճակում բոլոր տեսակի անհարմարություններն օբյեկտիվ են։ Իհարկե, ինչպես ամեն ոլորտում, բանակում ևս կարող են լինել անկարգապահ մարդիկ, երբեմն կարող է սնունդը ուշանալ։ Մեքենաները, որոնք դիրքեր են տանում սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ, հաճախ ենթարկվում են թշնամու ԱԹՍ-երի հարձակումների, հետևաբար հաճախ այդ ուշացումները կարող են օբյեկտիվ լինել։
     Դա չի նշանակում, որ պետք է արդարացնել նաև որոշ դեպքերում 1-2 պատասխանատուի անգործությունը, սակայն եթե ականատես եք լինում արատավոր երևույթի, ապա դա նկարելով և հրապարակելով ինտերնետում՝ երկու առումով վնասում եք հայկական պետությանը․
     1․ Թշնամին տեսնում է տեղանքը և զորքի այս կամ այն ջոկատի բարոյահոգեբանական վիճակը՝ ըստ այդմ որոշելով իր ռազմական հետագա քայլերը։
     2․ Թիկունքում մարդկանց մոտ սխալ տպավորություն է ստեղծվում մեր ամբողջ բանակի մասին, ինչի հետևանքով կամավորների թիվը կարող է նվազել, հանրության մեջ խուճապ առաջանալ։
     ԼՈՒԾՈՒՄ

Եթե դիրքերում տեսնում եք լուրջ բացթողումներ կամ ձեր մտերիմը նկարել է այդպիսի բացթողում և ուղարկել, ապա այն «Ֆեյսբուք»-ում տարածելուց առաջ մտածեք՝ գուցե ավելի ճիշտ է սա տրամադրել պետական մարմինների՞ն։ Կա ՊՆ, ՊԲ, ԱԱԾ, այլ կառույցներ ու թեժ գծեր, որոնք ունակ են ժամերի ընթացքում լուծել խնդիրը։
     Չե՞ք ուզում գործ ունենալ պետական մարմինների հետ, կապ հաստատեք պատգամավորների հետ, նրանք ձեր միջնորդն են կառավարության հետ։ Բոլոր առիթներով հպարտանում եք, որ ֆեյսբուքյան ընկերների մեջ բազմաթիվ պատգամավորներ կան։ Գրեք նրանցից մեկին, առանց ավելորդ աղմուկի լուծեք խնդիրը։
     Չեք ուզում գործ ունենալ նաև պատգամավորների՞ հետ։ Գրեք ինձ, բայց վստահ եղեք՝ չեմ հրապարակելու, այլ հասնելու եմ նրան, որ պատասխանատու պետական մարմիններն ամենասեղմ ժամկետներում լուծեն զորքի որևէ ջոկատի համար առաջացած կենցաղային խնդիրները։ Պատերազմն ինքնահաստատվելու տեղ չէ, հետևաբար պետք է դադարեցնել ռազմադաշտից անթույլատրելի տեսանյութեր հրապարակելը։
     Պատերազմը ծանր աշխատանք է, որտեղ մարդիկ սովորում են կառավարել իրենց վախերն ու դիմանալ սովին, ցրտին ու թշնամու հարվածներին։ Ֆիլմերում տեսած պատերազմները լինում են միայն ֆիլմերում»։

| | |
4132 | 0
Facebook