Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիևը, Էրդողանը գժեր չեն». Հրանտ Տեր-Աբրահամյան

18:30, երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
«Ալիևը, Էրդողանը գժեր չեն». Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամուն չթերագնահատելը (նաև, իհարկե չգերագնահատելը) ցանկացած պայքարի կարևորագույն պահանջներից է, առավել ևս՝ «պայքար մինչև վերջ»-ի՝ պատերազմի:
     Գրել եմ մի անգամ դրա մասին, բայց հիշեցնելու կարիք միշտ էլ կա:
     Թշնամին մեզ թերագնահատեց:
     Բայց մենք էլ շարունակում ենք թերագնահատել:
     Հատկապես կարևոր է դուրս գալ Ալիևը, Էրդողանը գիժ են, գժվել են, խելառ էն՝ պոպուլյար, ջրիկ և ոչինչ չբացատրող տեսակետներից: Դրանք թույլատրելի են կենցաղային մակարդակում, բայց ոչ՝ վերլուծական:
     Քաղաքականության և պատմության մեջ գժի վարկածը ամենաքիչ արժեք ունեցողն է: Նման պատկերացումները թուլացնում են, եթե դուրս են գալիս սովորական կատակի, թշնամու վրա կայֆ բռնելու սահմաններից:
     Ալիևը գիժ չէ:
     Այո, նա դրել է շատ բարձր խաղադրույք, և խաղում է՝ ամեն ինչ կամ ոչինչ խաղը: Բայց դա ինքնին գժություն չէ, այլ խաղի տեսակ:
     Թե՛ սովորական խաղում, թե՛ պատերազմում կանոն է՝ շատը վերցնելու համար, պետք է շատը դնես: Առանց մեծ ռիսկի, չես կարող մեծ հաջողության հասնել: Սա աքսիոմա է, և չի հակասում բանականությանը:
     Կան իրավիճակներ, որ ռիսկով խաղն է ճիշտ, կան՝ զգույշը: Ունիվերսալ կանոն չկա:
     Ալիևը, Էրդողանը գժեր չեն: Նրանց հաղթելու համար սա պետք է հասկանալ:
     Պետք է հասկանալ նրանց իրական հաշվարկներն ու մոտվիվացիաները:
     Քանի թուրքերը վտանգում են Լաչինի և Շուշիի ուղղությունները, նրանց ռիսկն ու «գժությունը» արդարացված են: Նրանք կդառնան բանկրոտ, եթե մե՛նք կարողանանք պահել ու դիմանալ այդ ուղղությունների վրա: Ռազմականն եմ ասում, քաղաքականին էս պահին չեմ անդրադառնում՝ դա առանձին բաղադրիչ է:
     Եվ Ալիևը չունի սեփական երկրում երկրորդ ճակատ:
     Նրան սպառնացող դժգոհությունը երկրի ներսում կարող է միայն տարրերայն լինի: Եվ դա էլ այն պահից, երբ մենք կարողանանք տևական ժամանակավոր կայունացնել ճակատը:
     Կազմակերպված դիմադրություն երկրի ներսում նա չունի:
     Ադրբեջանում չկան էլիտար խմբեր, որոնք պատերազմի առաջին օրերից խաղադրույքը դրել են սեփական երկրի պարտության վրա և կազմակերպված քարոզչություն են անում այդ ուղղությամբ:
     Չկան խմբեր, որոնք դեռ պատերազմից առաջ, իմանալով պատերազմի մասին, պատրաստվել են իշխանափոխության:
     Ջայլամի տեղ մեզ չդնենք՝ մեր էլիտաների մի զգալի մասն այդ ուղղության մեջ է: Սա նույնպես պետք է սթափ, անվախ գնահատել: Ավելի լավ է իմանաս հիվանդությունդ, քան ձևացնես, որ խնդիր չունես:
     Միջազգային ասպարեզում թուրքերը նույնպես հաշվարկած ռիսկի մեջ են:
     Ալիևն ընտրել է իր դաշնակցին, դրա հետ կապված բոլոր ռիսկերը, և խաղում է նաև այդ ռիսկային խաղը:
     Եվ առայժմ այդ խաղում էլ, թեև կորուստներ կրում է, բայց ռիսկն արդարացված է, քանի դեռ կորուստները դանդաղ են ու առայժմ՝ արդարացված:
     Ի վերջո, եթե նա հասնի իր նպատակներին, այդ կորուստները հետո կկարողանա հետ բերել:
     Չի կարելի թերագնահատել թշնամուն: Նա համարձակ ու միաժամանակ հաշվարկած խաղ է խաղում: Կարող է պարտվել: Բայց միայն լրիվ բեխաբարները կարող են մտածել, որ հնարավոր է խաղալ՝ առանց պարտվելու վտանգի:
     Մենք կարող ենք նույնիսկ որոշ չափով սովորել մեր թշնամիներից: Ինչպես ժամանակին սովորելու շատ բան ունեցել ենք: Օրինակ, Քեմալից, որի մասին գրել եմ: Մերոնցից չենք սովորում, կարող ենք գոնե թշնամիներից սովորենք:
     Հաղթելու համար թուրքական խաղը պետք է լինենք համառ, սառնասիրտ, խելոք ու չար:
     Ոչ մի դեպքում չպետք է լինենք միագիծ, միալար, միաշերտ, մի քայլանի, բարի, անհոգ:
     Պատերազմի տրամաբանությունը տրամագծորեն հակառակ է սովորական, կենցաղային տրամաբանությանը՝ այս թեզի ապացուցմանը նվիրված է ժամանակակից լավագույն տեսաբաններից մեկի՝ Լյոտվակի «Ստրատեգիա» գիրքը:
     Եթե դա ժամանակին կարդային մեր էլիտաները, շատ խնդիրներ նախապես լուծած կլինեինք:
     Ցավոք, պատերազմն է հանում մեզ թմբիրից, ինչպես դա եղել է բազմաթիվ այլ ծույլ, անհոգ, աչքերը ճպճպացնող հանրությունների հետ»:

13759 | 1
Facebook