Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Մի քանի խոսք էլ ռուս խաղաղապահների մասին». Մարատ Բաղդասարյան

04:10, շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.
«Մի քանի խոսք էլ ռուս խաղաղապահների մասին». Մարատ Բաղդասարյան

ՀՀ ԿԱ ԱԳ Կադաստրի պետական կոմիտեի բաժնի պետ Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ օր սպասեցի, մինչև ռուսամոլ զանգվածը դուրս գա Պուտինի ելույթի ազդեցության անսահման մեծ երանությունից` նոր արտահայտեմ իմ նկատառումները։ Եվ այսպես.
     1. Հայաստանի Հանրապետությունն ամեն օր անվանական տվյալներ է հրապարակում իր զոհված զինվորների վերաբերյալ, մինչդեռ Ադրբեջանում դա համարվում է ռազմական գաղտնիք։ Այս հանգամանքն ամենևին չի խանգարում Պուտինին հայտարարելու, որ կողմերն ունեն հավասար` մոտավորապես 2 հազարական զոհ, ընդհանուր` 5 հազար։ Այդ ի՞նչ թվաբանական հաշվարկ է կատարել Պուտինը։ Ի՞նչ իրավունքով է կասկածի տակ դնում պաշտոնական Երևանի հայտարարած թվերը` հայկական կողմի համար դրանք ուռճացնելով մոտ 2,5 անգամ, իսկ Ադրբեջանի դեպքում նվազեցնելով ավելի քան 3 անգամ։
     2. Պատմական ակնարկ կատարելով, Հայոց ցեղասպանությունը որակում է որպես 1915թ. տեղի ունեցած շատ ցավալի դեպքեր, այն դեպքում, երբ Ռուսաստանի պետական դուման պաշտոնապես ընդունել և դատապարտել է այն։
     3. Անդրադառնալով 1988թ. Սումգայիթում, Բաքվում և Արցախում տեղի ունեցած հայկական ջարդերին, մոռանում է, որ այդ ջարդերը կանխելու պատասխանատու խորհրդային բանակն ընդամենը 1-2 օր «ուշացավ», իսկ նույն բանակն ադրբեջանցիների հետ համատեղ Արցախում իրականացրեց «Կոլցո» օպերացիան` հայաթափելով Արցախի Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը։
     4. Հայտարարում է, որ արդեն 26 տարի է, ինչ Արդրբեջանական հողերը բռնազավթված են և այդպես երկար շարունակել չի կարելի` մոռանալով նշել, որ այդ հողերը 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական դավադիր պայմանագրով հենց Ռուսաստանն է նվիրել արհեստածին Ադրբեջանին և դրանք բուն հայկական հողեր են։
     5. Պուտինը Հայաստանն ու Ադրբեջանը համարում է Ռուսաստանի համար հավասարապես կարևոր երկրներ։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ Հայաստանին ստիպողաբար քարշ տվեցիր ԵԱՏՄ։ Գուցե Հայաստանը կընտրեր Եվրատլանտյան ուղղությունն ու այսօր շատ ավելի շահեկան վիճակում կգտնվեր։
     6. Անդրադառնալով ռուս թուրքական հարաբերություններին, դրանք համարում է Ռուսաստանի համար շատ կարևոր` անտեսելով այն հանգամանքը, որ մի քանի օր առաջ Էրդողանն ու Զելենսկին Ղրիմի հարցով շառաչուն ապտակ հասցրեցին Ռուսաստանին, իսկ Թուրքիան ներգրավելով նաև սիրիական իսլամիստ ահաբեկիչներին, մասնակցում է իր դաշնակից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմին։
     6. Մի քանի խոսք էլ ռուս խաղաղապահների մասին։ Նախ ռուս խաղաղապահներին ո՞ր եզրագծով են պատրաստվում տեղակայել։ Ներկայումս գոյություն ունեցող սահմանագծում, թե՞ նախկին ԼՂԻՄ սահմանագծում, որը Հայաստանի համար հավասար է Արցախի կորստյանը։ Եվ մեկ կարևոր հարց էլ։ Ինչո՞վ համոզված լինենք, որ այդ ռուս խաղաղապահների շարքերում Պերմյակովներ ու Ռազգիլդյաևներ չեն լինի կամ ռուս զինվորները մարդկանց չեն առևանգի ու չեն վաճառի ադրբեջանցիներին։ Նախորդ դարի 90-ականների դառը փորձը` վկա։
     Մի խոսքով, որքան ռուսից հեռու, այնքան` լավ։ Դա է ապացուցել վերջին երկու հարյուր տարիների մեր դառը պատմությունը։
     Փա’ռք հաղթական հայոց ԲԱՆԱԿԻՆ»։

| | |
7258 | 0
Facebook