Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զենքն ու դիվանագիտությունը միասին պիտի քայլեն». Կարինե Հարությունյան

04:20, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
«Զենքն ու դիվանագիտությունը միասին պիտի քայլեն». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագահների հանդիպման մասին: Արցախի նախկիններին մի կողմ թողնենք, ձեր կռիվը ՀՀ նախկինների հետ է:
     Պատկերացրեք, թե ձեր տունը հրդեհվում է: Մինչ այդ դուք խզել եք ձեր կապերը ձեր ծնողների, քույրերի ու եղբայրների հետ, դուք տանել չեք կարող նրանց, որովհետև նրանք ձեզ այս կամ այն բանն են արել՝ անկախ նրանից, թե որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ձեր գնահատականները: Բայց ձեր տունը վառվում է, դուք ոչ մեկից օգնության հույս չունեք, որովհետև ձեր տունը վառողը ձեր հարևաններն են, թվացյալ ընկերները, նույնիսկ նրանք, ովքեր ասում են, թե ձեզ շատ են սիրում: Հրդեհը և այն մարելու ձեր՝ ապարդյուն ճիգերը տեսնելով՝ ձեզ օգնության են հասնում ձեր ծնողներն ու քույրուեղբայրները: Ի՞նչ կանեք դուք, կասեք՝ գնացեք գրողի ծոցը, ես ուզում եմ վառվե՞լ, թե՞՝ ինչ լավ է, որ եկաք, օգնեք, փրկեմ տունս ու ինձ:
     Դավադրության տեսության սիրահարները ինչ կուզեն, թող մտածեն, այդ հանդիպման միակ շարժառիթը այսօրվա պատերազմն է: Թե՞ ձեզ թվում է՝ նրանք հանդիպել են միասին սուրճ խմելու համար: Եվ կեցցե նրանցից յուրաքանչյուրը, որ իր մեջ ուժ է գտել գնալու այդ հանդիպմանը: Պատմական այս իրողությունն իր մեջ մեծ էներգետիկա է պարունակում, որը չի կարող երկրին օգտակար չլինել:
     Ասում եք՝ չեք սիրում նրանցից որևէ մեկի՞ն, երկուսին կամ բոլորի՞ն: Է՜, մի սիրեք: Ու՞մ եք սիրում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՞ն: Սիրեք: Երեք նախկին նախագահների հանդիպումը նրանց նկատմամբ ձեր սիրո կամ չսիրո հետ կապ չունի, նույնիսկ իրենց՝ միմյանց նկատմամբ սիրո կամ չսիրո հետ կապ չունի, նրանց այսօր մի տեղ է բերել Արցախի լինելիության հարցը: Փաստը պետք է գնահատել ըստ արժանվույն, նաև ակնկալել ու ընդունել նրանցից ցանկացած օգնություն, որը մեզ կհանի այսօրվա վիճակից: Մենք արդեն 833 զոհ ունենք (մի քանի անգամ կրկնեք այս թիվը, պատկերացրեք նրանց ձեր առջև կանգնած՝ իրենց անկատար մնացած երազներով), մենք ծանր վիճակում ենք՝ այդ են վկայում զենք վերցնելու ակնարկները, հորդորներն ու արդեն ուղիղ ասված խոսքերը, իսկ ոմանք իրենց քաղաքական նախասիրությունների տոնավաճառն են բացել:
     Փաստը, թե թշնամու զենքը վերջանում է, որևէ ձևով մեզ հաղթանակ չի ապահովելու, մեզ հաղթանակ չեն ապահովելու նաև թշնամական երկրում զարգացող ներքին խնդիրները, ու մեզ հաղթանակ չի ապահովելու պայքարը՝ միմիայն զենքով: Զենքն ու դիվանագիտությունը միասին պիտի քայլեն: Հուսամ՝ երեք նախագահները կարող են օգնել այս հարցում: Մենք պետք է բանակցենք դրսում, խոսենք մեր ժողովրդի հետ ներսում, կռվենք թշնամու դեմ ճակատում:
     Երբ երկիրը լինել-չլինելու կռիվ է տալիս, կարևոր չէ, թե հաղթանակի կամ խաղաղության դափնիները ում գլխին կդրվեն»:

3343 | 0
Facebook