Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեծ հաշվով սա է մեր միակ լուրջ խնդիրն այս պատերազմում». Հրանտ Տեր-Աբրահամյան

03:10, երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.
«Մեծ հաշվով սա է մեր միակ լուրջ խնդիրն այս պատերազմում». Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի ռազմական խնդրի մասին էլ՝ կարճ:
     Շատերն են արդեն հասկանում, որ մեր գլխավոր խնդիրն այս պատերազմում օդն է:
     Շատերն են հասկանում, բայց ոչ բոլորն են պատկերացնում խնդրի էությունը:
     Ես էլ ռազմատեխնիկական հարցերի, մեղմ ասած, մեծ գիտակ չեմ, բայց որոշ բաներ՝ ոչ տեխնիկական դետալների մակարդակով կուզենայի հասկանայինք:
     Այս խնդիրը շատ ավելի հիմնարար է, քան կարող է թվալ:
     Այն չունի միանշանակ լուծում, ոչ միայն Հայաստանում:
     Հենց հիմա, ռուսական որոշ բլոգերներ քննարկում են այն հարցը, որ այսօրվա մեր պատերազմի օրինակն իրենց էլ է ցույց տալիս, որ լրջագույն խնդիր ունեն: Որովհետև իրենք էլ մեզ նման, ավելի ճիշտ՝ մենք իրենց նման՝ շեշտը դրած ենք ՀՕՊ-ի վրա:
     Խնդիիրն այստեղ տեխնիկական չէ, այլ դոքտրինալ:
     Այսինքն, դա հնարավոր չէ լուծել պարզապես զենք գնելով:
     Խնդիրն այն է, որ ՀՕՊ-ի վրա շեշտը դրած համակարգերն ընդհանրապես, կարծես, իրենց չեն արդարացնում՝ ի համեմատություն օդային գերակայություն ստեղծող համակարգերի:
     Մի անգամ ասել եմ, որ մեր Արծրունն այս թեմայով մի քանի 100 էջանոց գիրք է գրել, ու նաև՝ բազմաթիվ հոդվածներ: Այսօրվա իրավիճակը տեսական մակարդակում կանխատեսվել է Հայաստանում:
     Բայց տեսությունը քիչ է:
     Ցավոք կա մի ընդհանուր խնդիր:
     Հաղթած բանակներն ավելի կոնսերվատիվ են, իսկ պարտվածները՝ հաճախ ավելի հակված նորարարություններին:
     Մենք չենք հասցրել իրացնել անցումը ավանդական սովետական՝ ՀՕՊ-ի վրա շեշտված համակարգից դեպի օդային գերակայության համակարգ:
     Մեծ հաշվով սա է մեր միակ լուրջ խնդիրն այս պատերազմում՝ զուտ ռազմական իմաստով:
     Եվ այստեղ կոչերն ու դիմումները շատ չեն օգնի:
     Իհարկե, որոշ ժամանակավոր լուծումներ կգտնվեն:
     Քանի որ դեմներս իսրայելական բանակը չէ, ապա մեր թշնամին չի կարողանում իր առավեությունն օդում իրացնել ցամաքում: Հողի վրա մենք մնում ենք ավելի ուժեղ: Ու դրա շնորհիվ էլ դիմանում ենք ու դիմանալու ենք:
     Բայց եզրակացությունները նախնական արդեն հիմա պետք է անենք:
     Այլևս երբեք չպետք է այդքան անգրագետ լինենք ռազմական հարցերում, այդքան անուշադիր: Որովհետև միայն ռազմական գործիչներն առանց քաղաքական ու հանրային աջակցության չեն կարող դնեն և լուծեն ռազմական դոքտրինալ խնդիրներ:
     Հանրության ակտիվ և կրթված մասը պետք է ինքն էլ տարրական մակարդակով հասկացություն ունենա խնդիրներից ու քննարկի դրանք:
     Ինչքան անիմաստ հարցեր են քննարկել ու քննարկում մեր քաղաքական գործիչներն ու մամուլը, բայց նման կենսական խնդիրներից խոսելու համար զրո պատրաստություն ու տրամադրություն ունեին և ունեն:
     Հիմա էլ հարցը տանում են անիմաստ կուսակցական ճահիճ:
     Բայց լուրջ խնդիրներ բարձրացնելու ունակ չեն, ոչ էլ սեփական խելքով հասկանալու:
     Հ.Գ. Եթե մի բան ճշգրիտ չէ զուտ ռազմատեխնիկական իմաստով, խնդրում եմ, ավելի լավ իմացողներն ինձ ուղղեն»:

7281 | 1
Facebook