Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ լռության հետևանքն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն է նույն բանն անում Արցախում». Հրանուշ Խառատյան

00:50, երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.
«Այդ լռության հետևանքն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն է նույն բանն անում Արցախում». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անիմաստ է ճանաչել 1895թ.,1915-22թթ. իր հայրենիքում Հայոց ցեղասպանության փաստը և լուռ հետևել դրա կրկնության փորձերին: Իր Արցախ հայրենիքում ինքնորոշվելու հայերի փորձը հանգեցրեց1988թ. փետրվարին Սումգայիթի, 1990թ. հունվարին Բաքվի հայերի ջարդերին, 1988թ. նոյեմբեր-դեկտեմբերին՝ Կիրովաբադի հայերին ջարդելու նախաձեռնությանը: Կիրովաբադում հայերը կարողացան ինքնապաշտպանվել, բայց Սումգայիթի և Բաքվի հայերի վայրենի ջարդերը սարսափեցրին նաև Ադրբեջանի ազնիվ ոչ հայազգի քաղաքացիներին, որոնց մի մասն ընտանիքով լքեց իր երկիրը՝ հայկական արյունով լցված, բայց չհագեցած սոցիալական տարածքը:

1988-1990թթ. աշխարհը սարսռաց, բայց շտապեց ազատվել մարդասիրական բարոյական բեռից՝ ԽՍՀՄ-ը քանդվում էր, նոր աշխարհակարգի սպասելիքներն ու ծրագրերը ժամանակ չէին թողնում «նոր աշխարհակարգի» բարոյական նկարագրի շուրջ խորհելու: Աշխարհի եվրոպական մասում շտապում էին վերաձևավորվող ժողովուրդների և երկրների հետ հին ու նոր հարաբերությունների կարգավորմանը, և Արցախում Ադրբեջանի ձևավորած Պոլյանիչկոյի կառավարումն արագորեն հայաթափեց դաշտային Արցախը: Նույն տարիներին Թուրքիայում արագորեն «թեթևացրին» արևելյան նահանգներում՝ Արևմտյան Հայաստանում ապրող քրդերի և ալիևների ֆիզիկական բեռը՝ տեղահանելով և ավերակների վերածելով նրանց բնակավայրերը:

Լեռնային Ղարաբաղի հայերին այլ ելք չէր թողնված՝ զենքով իրենց գոյության իրավունքն իրենց հայրենիքում պաշտպանելուց զատ: Պաշտպանեցին: Վերակառուցեցին իրենց ավերակների վերածված բնակավայրերը, գեղեցիկ, մաքուր, ստեղծագործ երկիր դարձան, երեսուն տարի շարունակ դռներ ծեծեցին, միջազգային կառույցների և մարդկանց հրավիրեցին՝ գալ, իրենց քաղաքակիրթ կառավարումը տեսնելու, համաձայնվելու, որ իրենք իրենց երկրում ապրելու իրավունք ունեն, որ այլ տարբերակով իրենց Արևմտյան Հայաստանի, Սումգայիթի, Բաքվի հայերի ճակատագիրն է սպասվում:

Թվում է՝ աշխարհն սկսել էր հասկանալ: Երկրները միմյանց հետևից ընդունում էին Հայոց ցեղասպանության փաստն Օսմանյան կայսրությունում, բայց լռում էին ադրբեջանահայերի ջարդերի մասին: Մինչև այսօր լռում են: Այդ լռության հետևանքն է, որ այսօր միացյալ թուրք-ադրբեջանական տանդեմն է նույն բանն անում Արցախում: Ի՞նչ իմաստ ուներ Ցեղասպանության փաստն ընդունելը, եթե ցեղասպանական չարիքի աղբյուրն անպատիժ շարունակելու է նույն չարիքը:

Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նիստ է անում Արցախի հարցի շուրջ: Հավանաբար «չի հիշելու» Սումգայիթն ու Բաքուն, չի հիշելու Ցեղասպանության կանխարգելման իր բանաձևերը: Հավանաբար կընդունի հերթական անատամ որոշումը՝ շարունակելով բաց թողնել չարիքի իրագործման իրավունքի լայն դուռը:

Լուսանկարում նախկին հայկական, 1915թ. ալիևներով վերաբնակեցված Հալվոր գյուղի ավերակներն են Դերսիմում 1992թ. ալիևի բնակչության տեղահանությունից հետո: Լուսանկարն արվել է 2011թ.:

Նույն պատկերն է Արցախի Մարտակերտի հայաթափված Սեյսյուլան գյուղում: Լուսանկարն անհնար է անել՝ 30 տարի է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ է»:

«Այդ լռության հետևանքն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն է նույն բանն անում Արցախում». Հրանուշ Խառատյան
«Այդ լռության հետևանքն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն է նույն բանն անում Արցախում». Հրանուշ Խառատյան
4138 | 0
Facebook