Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը կմասնակցի ԼՂ-ի հարցով Մինսկի խմբի ձևաչափով հանդիպումներին

23:20, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ.
ԱՄՆ-ը կմասնակցի ԼՂ-ի հարցով Մինսկի խմբի ձևաչափով հանդիպումներին

Միացյալ Նահանգները մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով առաջիկա հանդիպումներին: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։
     «Միացյալ Նահանգները՝ որպես համանախագահ, մասնակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գումարվող հանդիպումներին»,- հայտարարել է ԱՄՆ-ի ԱԳՆ աշխատակիցը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հայտարարությունները:
     Ֆրանսիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում: Միացյալ Նահանգները Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին Մինսկի խմբի համանախագահ է։
     «Միացյալ Նահանգների դիրքորոշումը պարզ է և փոփոխության չի ենթարկվել. երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և սկսեն աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս արագ վերադառնան բովանդակալից բանակցություններին։ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պահպանում է երկու կողմերին օգնություն ցուցաբերելու հանձնառությունը՝ հակամարտության խաղաղ և կայուն լուծման հասնելու նպատակով»,- հավաստիացրել է դիվանագետը:
     Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն «հակամարտության երկու կողմերին կոչ է արել վերադառնալ բովանդակալից բանակցություններին՝ Մինսկի խմբի հովանու ներքո»:

7017 | 0
Facebook