Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի է եղել, որ եկեղեցու ներսում կան լրագրողներ. ԱՀ ՄԻՊ

23:10, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի է եղել, որ եկեղեցու ներսում կան լրագրողներ. ԱՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 8-ին այցելել է հիվանդանոց՝ ճշտելու համար ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցրած հարվածից տուժած երեք օտարերկրյա լրագրողների առողջական վիճակը և դեպքի հանգամանքները:

Հիվանդանոցի ղեկավարությունը Պաշտպանին տեղեկացրել է, որ դեպքից տուժել է երեք ՌԴ քաղաքացի լրագրող: Նրանցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը՝ ծանր:

Պաշտպանը պարզել է, որ հարվածի պահին լրագրողները մասնագիտական աշխատանք են կատարել եկեղեցում՝ լուսաբանելով եկեղեցուն հասցված առաջին հարվածի հետևանքները:

Դեպքի վայրում ներկա տարբեր քաղաքացիների ու լրագրողների վկայությամբ՝ հարվածի նախընթաց շրջանում եկեղեցու գլխավերևում անօդաչու թռչող սարք է պտտվել, որն էլ այնուհետև հարվածել է եկեղեցուն:

«Այդ փաստերը հստակ ցույց են տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի է եղել, որ հարվածում են եկեղեցուն և որ ներսում առկա էին տարբերանշանով լրագրողներ: Հետևաբար, անվիճելի է, որ Ադրբեջանը դիտավորյալ ու թիրախային հարված է հասցրել լրագրողներին ու եկեղեցուն: Ավելին, փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաև Շուշիի մզկիթի շրջակայքը:
     Խստագույնս դատապարտելով լրագրողների և եկեղեցու հերթական դիտավորյալ թիրախավորումը Ադրբեջանի կողմից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը դրանք որակում է որպես պատերազմական ու մարդկության դեմ հանցագործություններ:

Պաշտպանը հորդորում է միջազգային իրավապաշտպան կառույցներին համապատասխան գնահատական տալ այդ դեպքին և միջոցներ ձեռք առնել մեղավորներին պատժելու ուղղությամբ»,-ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ:

9150 | 0
Facebook