Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբիայից մինչև Արցախ. Թուրքիան բռնել է պատերազմի ուղին, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում. #TheJerusalemPost

16:10, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
Լիբիայից մինչև Արցախ. Թուրքիան բռնել է պատերազմի ուղին, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում. #TheJerusalemPost

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հանկարծակի բռնկումը, ամենայն հավանականությամբ, մասամբ կազմակերպված է Թուրքիայի կողմից, գրել է The Jerusalem Post պարբերականի քաղաքական մեկնաբան Էմիլի Շրեդերը։ «Լիբիայից մինչև Սիրիա, Հունաստանից Իրաք և Ադրբեջան, և նույնիսկ մինչև Իսրայել. Թուրքիայի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի և բարոյականության ցանկացած չափանիշների։ Եթե Սիրիայում արյունալի քաղաքացիական պատերազմը բավականաչափ բարդ չէր, ապա Թուրքիան օգտվեց Սիրիայում տիրող քաոսից և սկսեց ագրեսիվ ռազմական գործողություններ, որոնք շարունակվում են մինչ օրս։ Նա զավթել է Սիրիայի որոշ հատվածներ՝ տեղացի քուրդ բնակչությանը ճնշելու նպատակով և պնդում է, որ մաքրում է «ահաբեկչական գոտիները»։

Բազմաթիվ անկախ կազմակերպություններ հայտնել են, որ Թուրքիան էթնիկ զտումներ և ռազմական այլ հանցագործություններ է իրականացրել տեղի փոքրամասնության դեմ։ Չնայած դրան՝ միջազգային մարմիններն ու Միացյալ Նահանգները ոչինչ չեն արել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար։

Թուրքիան նաև սկսել է հավաքագրել տեղաբնակներին՝ Լիբիայի դեմ պատերազմելու համար: Բացի այդ, կան վկայություններ, որ Անկարան հավաքագրում է Սիրիայում գտնվող գրոհայիններին՝ Հայաստանի դեմ պատերազմելու համար: Բոլորովին վերջերս թուրքական ներգրավվածությունն ընդլայնվեց Ադրբեջանում, որտեղ Թուրքիան աջակցում է հակամարտության գոտում ԼՂ դեմ իրականացվող բռնությանը:

Թուրքիան բազմիցս ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդական շրջանները և պարբերաբար սպառնում Է Հունաստանին։ Նրա ռազմական հարձակումը Լիբիա հանգեցրել է Կիպրոսի և Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության աճին։ Թուրքիան բառացիորեն պատերազմի ուղու վրա է, և ոչ ոք, կարծես, ուշադրություն չի դարձնում դրան»,- գրել է հեղինակը։

9245 | 0
Facebook