Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը՝ ՄԱԿ-ի նստաշրջանին

12:45, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը՝ ՄԱԿ-ի նստաշրջանին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 71-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին: Վերջինը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան, որը վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը, սպառնալիք է գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, իսկ դրա արդյունքը կարող է հանգեցնել տարածաշրջանային հումանիտար ճգնաժամի:

Արտակ Ապիտոնյանը նշել է, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ, և շարունակվող ռազմական գործողություններն անմիջական սպառնալիք են ստեղծում Արցախի 150,000 ազգաբնակչության գոյութենական անվտանգության համար։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ դիտավորյալ թիրախավորում է Արցախի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները (հիվանդանոցներ, դպրոցներ, ճանապարհներ, հաղորդակցության միջոցներ և այլն)՝ օգտագործելով նաև կասետային մահացու զենք։

Նախարարի տեղակալը հավելել է, որ ադրբեջանական կողմի այս սադրիչ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտում են։

Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է նաև Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությանը, որի անմիջական աջակցության արդյունքում Ադրբեջանը ռազմական գործողությունների աշխարհագրությունը տեղափոխել է նաև ՀՀ տարածք՝ մասնավորապես թիրախավորելով Վարդենիսի շրջանի քաղաքացիական բնակչությանը։ Նա նշել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչների՝ Արցախի դեմ վարվող ռազմական գործողություններում ներգրավելու հանգամանքի մասին։ Ապիտոնյանը հավելել է, որ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի նման գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

Արտակ Ապիտոնյանը բարձր է գնահատել Բարձր հանձնակատարի՝ լարվածության թուլացմանն ուղղված կոչը և հավելել, որ, չնայած միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերին, Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են լայնածավալ ռազմական գործողությունները՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նպատակով։

ԱԳ նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և համոզմունք հայտնել, որ Արցախի ժողովրդին միջազգային հրատապ մարդասիրական օգնության ցուցաբերումը պետք է իրականացվի անկախ բոլոր հանգամանքներից, այդ թվում՝ Արցախի կարգավիճակից։

6040 | 0
Facebook