Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իմ երկրի վրա հարձակվում են և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան»․ Արոնյան

16:45, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
«Իմ երկրի վրա հարձակվում են և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան»․ Արոնյան

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հերթական գրառումն է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ. «Սիրելի ընկերներ, գտնում եմ, որ պետք է հստակեցնեմ իմ դիրքորոշումը և կիսվեմ ձեզ հետ իմ զգացմունքներով: Մեծ հարգանքով եմ վերաբերվում ադրբեջանցի շատ շախմատիստների, երաժիշտների, մարդկանց։ Ես խորապես համոզված եմ, որ մենք՝ մարզիկներս, պետք է միավորվենք և միավորենք ազգերին։
     Պատճառը, որ ես չէի կարող լռել, այն է, որ իմ երկրի վրա հարձակվում են և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան։ Ինձ համար դա անհավանական է, քանի որ գրեթե յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ընդունել է 1915-1918 թթ․ Հայոց ցեղասպանության փաստը, որի ժամանակ սպանվել է մոտ 1 մլն հայ։
     Օրինակի համար պատկերացրեք, թե 1960-ականներին կամ ավելի ուշ իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակ Գերմանիան զորքեր ուղարկեր Իսրայելի դեմ պայքարելու համար, իսկ Գերմանիայի նախագահն էլ բարձրաձայն հայտարարեր, որ հրեա ժողովրդին պետք է դաս տալ։ Սյուրռեալիստական չէ՞ արդյոք սա. այսպիսով, նվազագույնը, ինչ ես կարող եմ անել այս իրավիճակում, այն է՝ իրազեկելն ու աջակցելն իմ ժողովրդին։
     Եվ խնդրում եմ, ինձ մի՛ ասեք, որ բանակցությունների միջոցով հնարավոր չէ լուծել խնդիրը։ Յուրաքանչյուր երկխոսություն փոխադարձ հարգանքի կարիք ունի, որպեսզի այն չվերածվի երկու մենախոսության։
     Անասելի ցավ եմ զգում, երբ տեսնում եմ երիտասարդներին, ովքեր նոր են սկսել ապրել, զոհվում են պատերազմում։ Ես գիտեմ, որ հպարտ կհեռանամ այս աշխարհից, եթե իմ ընկերները, իմ ապագա երեխաները և ես կարողանանք պաշտպանել մեր երկիրը։ Դա մեր պարտքն է և որպես հնագույն ազգ, մեր գոյության համար պարտական ենք մեր հերոսներին, ովքեր օգնել են մեզ գոյատևել որպես ազգ»,-գրել է Արոնյանը։

8138 | 0
Facebook