Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կանադան պետք է ընտրի, թե ում կողմից է»․ Փաշինյան. #TheGlobeandMail

01:15, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ.
«Կանադան պետք է ընտրի, թե ում կողմից է»․ Փաշինյան. #TheGlobeandMail

Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի համար տոտալ պատերազմի շեմին են։ Սակայն այս հակամարտության մեջ հենց Թուրքիային է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում իր երկրի իրական թշնամին, գրում է TheGlobeandMail-ը։
     Թերթին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ իր երկիրը գտնվում է «քաղաքակրթության առաջնագծում», և որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կանադան, որոնք ՆԱՏՕ–ի միջոցով Թուրքիայի դաշնակիցներն են, պետք է որոշեն, թե ում կողմից են։ Փաշինյանը նաև կոչ է արել արևմտյան երկրներին՝ վերանայել զենքի վաճառքը Թուրքիային։
     Քաղաքակրթական հակամարտության մասին խոսակցությունները ենթադրում են, որ Հայաստանը քրիստոնյա պետություն է, որը պատերազմի մեջ է գտնվում մահմեդական երկրի՝ Ադրբեջանի հետ, որի հավատարիմ դաշնակիցն է Թուրքիան՝ ավելի խոշոր մահմեդական պետություն։
     Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը «մշտապես» բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ, որը պայմանագրի համաձայն պետք է պաշտպանի Հայաստանը, սակայն մինչ օրս ձգտում է միջնորդական դեր խաղալ: Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիայի պահվածքը խնդիր է ողջ միջազգային հանրության համար։
     Հինգշաբթի օրը Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հանդես են եկել կրակի անհապաղ դադարեցման համատեղ կոչով և պատերազմող կողմերին «հորդորել անհապաղ վերսկսել բանակցություններ՝ առանց նախապայմանների»:
     Սակայն հրադադարի առաջարկը մերժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։
     Փաշինյանը հայտարարել է, որ ողջունում է հրադադարի կոչը և դատապարտում Թուրքիայի հրաժարվելը: Նրա խոսքով՝ սիրիացի վարձկանների տեղակայումն անհնար է դարձրել Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման հարցի քննարկումը:
     «Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչները պատերազմում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանու ներքո։ Ինչպե՞ս կարելի է այժմ առաջարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թողնել ահաբեկիչների և ծայրահեղականների դեմ միայնակ: Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»,- ասել է Փաշինյանը։

Նա Էրդողանին անվանել է առաջնորդ, ով երազում է վերականգնել Օսմանյան կայսրությունը։
     «Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի այստեղ շարունակի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Փաշինյանը։

11997 | 1
Facebook