Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թրամփ-Պուտին-Մակրոն համատեղ կոչին

11:35, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թրամփ-Պուտին-Մակրոն համատեղ կոչին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների համատեղ կոչի վերաբերյալ. «Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը:

Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել Է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի և Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը: Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի:

Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ»:

9819 | 1
Facebook