Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էդքան իմպուլսիվ ու հեղհեղուկ չի կարելի լինել. դեպրեսիան ու էյֆորիան հաղթանակի թշնամիներն են». Հ. Կարապետյան

02:10, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
«Էդքան իմպուլսիվ ու հեղհեղուկ չի կարելի լինել. դեպրեսիան ու էյֆորիան հաղթանակի թշնամիներն են». Հ. Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան մի տեղ մեր սովորական հեշթեգն էի դրել՝ #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ: Ֆրենդներից մեկը դժգոհ գրեց, թե՝ ապեր, արդեն պետք ա գրել #ՀԱՂԹԵԼ_ԵՆՔ:
     Իսկ էսօր՝ կեսգիշերից հետո, նույն ֆրենդը սարասափահար ստատուս էր գրում Երևանի հյուսիսում պայթյունների մասին:
     Մարդիկ կան, որոնք մեր տղաների լրջագույն հաջողություններից արբած, պատերազմական գործողություններին նայում են արդեն համարյա ֆուտբոլային խաղի ազարտով (մերոնք խփին, իրանք շտռաֆ արին, սու-ձյա, տու-տու-տու): Իսկ էսօր կեսգիշերին Երևանի երկնքում լսված մի պայթյունից խուճապի են մատնվել ու, որ ավելի վատ է՝ խուճապ են տարածում:
     Թանկագիններս, էդքան իմպուլսիվ ու հեղհեղուկ չի կարելի լինել: Թե՛ դեպրեսիան, թե՛ էյֆորիան հաղթանակի թշնամիներն են: Իմ կողմից ավելացնեմ, որ հատկապես խուճապը պարտության մայրն է:
     Վաղվա ընթացքում գիշերային՝ արդեն ոչնչացված սավառնակների մասին մանրամասներ կիմանանք, բայց էս պահին արձանագրենք, որ մի չնչին կայծ էր պետք մեզ՝ խուճապի մեջ ընկնելու համար: Խնդրում եմ, ճիշտ հասկանալ. պետք չի կորցնել զգոնությունը, անհրաժեշտ է սեփական անձի ու հարազատների համար ամենափոքր վտանգի դեպքում դիմել պաշտպանության միջոցների՝ լուսաքողարկում, պատսպարում և այլն: Բայց ոչ մի կերպ չի կարելի խուճապի մատնվել: Առավելևս, անթույլատրելի է խուճապ տարածելը հանրային բաց հարթակներում:
     Ի վերջո, եկեք վերհիշենք. հակառակորդ/ների ծայրահեղ ագրեսիայի բոլոր այս հինգ օրերին հասարակությունը թիկունքում աշխատել է խիստ կազմակերպված ու համախմբված, պետական կառույցները ժամացույցի պես համակարգել են գործողությունները: Տեղեկատվական դաշտում՝ անընդհատ խիստ օպերատիվ ու խիստ հավաստի տեղեկություն ենք ստացել ՊՆ-ից, ԱԳՆ-ից, մյուսներից: Ի՞նչն է խանգարում մեզ՝ ինչ-որ անհասկանալի իրադրությունում, կայծակնային ստատուս գրելուց առաջ մի քանի րոպե սպասել, թարմացնել Շուշանի, Արծրունի կամ ԱԳՆ-ի Աննայի էջերը:
     Խուճապ ու թեկուզ ակամա ապատեղեկատվություն տարածելն ամենամեծ վնասն է, որ կարող ենք ինքներս մեզ պատճառել այս օրերին: Խնդրում եմ, եկեք սթափ լինենք:
     Եվ անկասկած, #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»:

6858 | 0
Facebook