Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսաստանը շատ վաղուց ի վիճակի չէր զսպել Թուրքիային». Հակոբ Բադալյան

16:30, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
«Ռուսաստանը շատ վաղուց ի վիճակի չէր զսպել Թուրքիային». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի դերի մասին. կարծիքներ կան, որ առանց Ռուսաստանի հավանության Բաքուն չէր գնա պատերազմի: Ինչ որ ժամանակ դա անկասկած այդպես էր, բայց Հայաստանի հուլիսյան հաղթանակից հետո իրավիճակ է փոխվել, լրջագույն փոփոխությամբ: Ռուսաստանը շատ վաղուց ի վիճակի չէր զսպել Թուրքիային: Կովկասի առումով Ռուսաստանը կարող է զսպել Թուրքիայի բառի բուն իմաստով ուղղակի ռազմական միջամտության և մեկ էլ Հայաստանին ուղղակի թիրախավորման առումով, բայց Ադրբեջանի միջոցով ռազմական սադրանք զսպել ի վիճակի չէ, չունի այլևս այդ ուժը:
     Խոսքը ռազմականի մասին չէ, այլ ռազմա-քաղաքական ուժը: Պատահական չէ, որ հուլիսյան մարտերից հետո Անկարան գնաց Ադրբեջանում ռազմա-քաղաքական ազդեցության ագրեսիվ ընդլայնման, դրանով, ըստ էության, կլանելով Բաքուն և գրեթե զրոյացնելով Ադրբեջանի վրա ազդելու և ըստ այդմ թուրքական ազդեցություն հակակշռելու ՌԴ վերջին կարողությունները: Էստեղ Հայաստանի, Կովկասի հանդեպ ռուսական քաղաքականության, կամեցողության հարց չէ այլևս՝ ուզում են, թե չեն ուզում, էստեղ կարողության հարց է՝ ուզեն էլ, չեն կարող:
     Ըստ այդմ էական է, որ Մոսկվան կատարի գոնե այն դերը, ինչ կարող է՝ զսպել անմիջապես Հայաստանի դեմ լայն ճակատի բացում և այդպիսով հնարավորություն ընձեռել Հայաստանին չհայտնվել այսպես ասած երկու ճակատի արանքում: Կա անշուշտ ռիսկային տարբերակ, որ ռուսները կարող են մտածել այդ դերն էլ Հայաստանի վրա թանկ վաճառելու մասին, և յան ազգանունով կամ այլ ազգանուններով մի շարք մարդկանց տեսակետները Ռուսաստանից հուշում են, որ առնվազն կա այդ տարբերակի լոբբինգը:
     Պետք է հուսալ, որ այն չի աշխատի մինչև վերջ և Ռուսաստանը գոնե նվազագույն դերի առումով կկատարի թե մեր, և թե ոչ պակաս իր համար կարևոր որոշում:

Հ.Գ. իհարկե ոչ միայն պետք է հուսալ, այլ աշխատել այդ ուղղությամբ»:

6547 | 1
Facebook