Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միայն միացումն ու վերամիավորումը կարող են հաղթանակ կոչվել». Հայկ Մարտիրոսյան

00:55, երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.
«Միայն միացումն ու վերամիավորումը կարող են հաղթանակ կոչվել». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պատերազմին պետք է լայն տեսադաշտով նայել: Սա պատմական իրադարձություն է, որտեղ մենք սխալներ գործելու իրավունք չունենք:
     Ու մինչ զինվորականները իրենց գործն անում են պատվով և բարձր որակով` քաղաքական ղեկավարությունը սկսել է ավանդույթի համաձայն լրջագույն սխալներ թույլ տալ:
     Արդեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հիմարություններ են դուրս տվել, իսկ Արցախի անկախության ճանաչման մասին խոսելն այդ հիմարությունների պսակն է:
     Միացումը ու միայն միացումն է միակ տարբերակը` Արցախյան խնդիրը լուծելու: Մեզ հաջողվել է արդեն ընթացող պատերազմի պայմաններում կոտրել բլիցկրիգի հաջողության հնարավորությունը: Պատերազմն ընթանում է, այլևս ի՞նչ պատերազմից են վախենում Երևանում, որ չեն հայտարարում միացման, վերամիավորման մասին: Տասնամյակներ շարունակ դրա արդարացումն է եղել թշնամու անմիջապես պատերազմի սանձազերծումը: Մենք պնդել ենք, որ պատերազմ, միևնույն է, լինելու է: Եվ հիմա այն սանձազերծված է, այն կա: Լինելով ագրեսիայի զոհ, ունենալով բարոյական բոլոր իրավունքները` միևնույն է Երևանի «ստրատեգները» վախենում են «միջազգային հանրության» արձագանքից: Այն հանրության, որ ագրեսոր Ադրբեջանին չի դատապարտում:
     Երկրորդ խոշոր սխալը հակահարձակման անցնելու հապաղումն է: Բլիցկրիգի տապալումից հետո պատերազմը կարող է վերածվել դիրքային հակամարտության, որ կավարտվի նոր զինադադարով, որն իր հերթին Հայաստանի համար նոր, հաջորդ պատերազմի անխուսափելի վտանգ է ստեղծելու, իսկ թշնամու համար` հնարավորություն հաջորդ հարձակմանն ավելի լավ պատրաստվելու:
     Միասնականության այս պահին թույլ չտանք քաղաքական ղեկավարությանը ճակատագրական սխալներ գործել: Քաղաքական ղեկավարությունը չպետք է իրավունք ունենա վայելելու զինվորականության վաստակած դափնիները, բայց ապագայի համար դարձյալ վտանգելու նրանց ու մեր կյանքը:
     Միաʹյն ՄԻԱՑՈւՄ և ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈւՄ և միա´յն ԱՌԱՋԸՆԹԱՑ:
     ՄԻԱՅՆ ԴԱ ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԱՆԱԿ ԿՈՉՎԵԼ»:

3049 | 2
Facebook