Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսի իշխանություններն սպառնում են ծնողական իրավունքից զրկել երեխաներին ցույցերի տանողներին

22:15, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
Բելառուսի իշխանություններն սպառնում են ծնողական իրավունքից զրկել երեխաներին ցույցերի տանողներին

Բելառուսի իշխանություններն այլ սպառնալիք են մտածել ցուցարարներին փողոցներից հանելու համար: Նրանք սպառնացել են, որ այն ծնողները, որոնք ցույցերի են տանում իրենց երեխաներին, կարող են զրկվել ծնողական իրավունքներից, նման ծնողներին կճանաչեն երեխաներին մեծացնելու համար ոչ պիտանի:

Այս հանգամանքը, սակայն, չի վախեցրել ծնողներին: Նրանք DW-ի հետ զրույցում ասել են, որ եթե որոշեն մի ընտանիքի վրա ճնշում գործադրել, ապա ամեն ձևով դա կանեն, ու ցույցերին մասնակցելը միայն պատրվակ է:

Բացի այդ, երեխաների հետ ցույցերի գնացած ծնողների նկատմամբ տուգանքներ են սահմանվելու:

Մինսկի դատախազությունն արդեն դուրս է գրել 140 համապատասխան պաշտոնական նախազգուշացում: «Երեխաների մասնակցությունն ակցիաներում կստանա իրավական գնահատական»,- խոստացել է փոխվարչապետ, երեխայի հարցերով ազգային հանձնաժողովի նախագահ Իգոր Պետրիշենկոն:

Ծնողներին, սակայն, սա չի վախեցնում, նրանք վստահ են՝ երեխաներին ընտանիքից հեռացնելը միայն ավելի կսրի համընդհանուր դժգոհությունը՝ ավելի ստվարացնելով ցուցարարների շարքերը:

4920 | 0
Facebook