Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ապրի Լեդի Գագան, իր կլիպի շնորհիվ ազգիս կեսը Փարաջանովի տեղն իմացավ». Լիզա Ճաղարյան

03:10, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
«Ապրի Լեդի Գագան, իր կլիպի շնորհիվ ազգիս կեսը Փարաջանովի տեղն իմացավ». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրի Լեդի Գագան, որ վերջապես իր կլիպում փարաջանովյան կադրեր օգտագործեց, որ ազգիս կեսը լայաղ անի դիտել Փարաջանովի ֆիլմերը։ Չէ, ֆիլմերը շատ ասացի, իմեննո՛ «Նռան գույնը», որովհետև Լեդի Գագայի կլիպում հենց «Նռան գույնը» ֆիլմից կադրեր կան։
     Եվ ինչո՞ւ գրեցի սա։ Որովհետև Զավեն Բոյաջյանի գրառման տակ մեկնաբանություններ կարդացի, և էս «մեկնաբանիչները» լծվել են Զավենին հայերեն սովորեցնելու գործին, հայրենասիրության դասեր են տալիս, բացատրում են` կինոն ինչ բան է, կռիվ են տալիս, թե ոնց ես ասում, որ մենք փոքրաթիվ ազգ ենք, մենք լավ է՛լ մեծ ազգ ենք` տասը միլիոն ենք, բա էդ քիչ է՞, ու արդեն հասել են էնտեղ, որ Զավենին հայատյաց են հայտարարել։
     Մնաց` խաչեն։
     Եվ ինչո՞ւ։
     Որովհետև Զավենին չի հմայել Լեդի Գագայի տեսահոլովակը։
     Ես հայատյացից էլ դենն եմ։
     Ամենաիսկական տեղը տեղին ազգի դավաճան եմ։
     Մինչև հիմա չեմ էլ նայել էդ տեսահոլովակը։
     Հավես չունեմ։
     Զավենից շեղվեք ու հիմա էլ ինձ քրքրեք։
     Բայց ամեն դեպքում ապրի Լեդի Գագան։ Իր կլիպի շնորհիվ ազգիս կեսը Փարաջանովի տեղն իմացավ ու որոշեց լայաղ անել ու նայել նրա ֆիլմերը։
     Ավելի ճիշտ` միայն «Նռան գույնը»։ Որովհետև Գագայի կլիպում «Նռան գույնը» ֆիլմի՛ց կադրեր կան։ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից լինեին կադրերը, էդ ֆիլմը կնայեին, «Աշուղ Ղարիբից լիներ, է՛դ կնայեին։
     Հայրենասերների բախտը բերել է, որ հատկապես «Նռան գույնը» ֆիլմից է։ Թե չէ ինչի նման կլիներ, եթե Լեդի Գագայի դարդից ստիպված լինեին ուկրաինաներում կորած–մոլորած գուցուլների կամ վիճելի ծագումով էն Ղարիբի մասին ֆիլմերը նայել։
     Իսկ ավելի կարճ. դիտե՞լ եք Լեդի Գագայի տեսահոլովակը։ Լա՛վ եք արել։ Հայիլ–մայի՞լ եք եղել` էլի՛ լավ եք արել։ Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ դուք իրավունք ունեք հմայվելու, իսկ մի ուրիշը իրավունք չունի չհմայվելու։
     Առավել ևս` պարզապես չդիտելու։
     Ինչպես` ես»։

4462 | 0
Facebook