Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Ուղղակի չեք պատկերացնում՝ ինչ է կատարվում այդ հիվանդանոցում». պաշտոնանկություն ուռուցքաբանականում՝ դժգոհություններից հետո

23:20, կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
«Ուղղակի չեք պատկերացնում՝ ինչ է կատարվում այդ հիվանդանոցում». պաշտոնանկություն ուռուցքաբանականում՝ դժգոհություններից հետո

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն արձագանքել է իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Իր ֆեյսբուքյան էջում կենտրոնը հայտարարություն է տարածել. «Ի պատասխան ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի մասին Biayna Mahari ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը՝ հայտնում ենք, որ Biayna Mahari-ն միջադեպից հետո վերակենդանացման բաժանմունքի աշխատանքից իր բողոքն է ներկայացրել ՈՒԱԿ-ի տնօրինությանը՝ հանձին փոխտնօրեն Արթուր Ավետիսյանի, ինչից հետո կենտրոնում ձեռնարկվել են օրենքով սահմանված բոլոր քայլերը։

Արդյունքում, Վերակենդանացման բաժանմունքի չորս աշխատակիցներից պահանջվել է գրավոր բացատրագիր, և չնայած որ աշխատակիցներն իրենց բացատրագրերում հերքել են օգտատիրոջ պնդումները, ստացել են գրավոր նկատողություն բողոքող կողմի կարծիքի հիման վրա։

Աշխատակիցներից մեկն, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից, ինչպես նաև աշխատանքի է ընդունվել նոր ավագ ռեանիմոտոլոգ, որը պետք է ավելի արդյունավետ վերահսկի կարգապահությունը բաժանմունքում։

Եվս մեկ անգամ հայցում ենք Biayna Mahari-ի և նրա ընտանիքի անդամների ներողամտությունը, և հայտնում ենք մեր ցավակցությունն իրենց կորստի կապակցությամբ և վստահեցնում, որ կենտրոնի տնօրինությունն ամենօրյա ռեժիմով ջանքեր է գործադրում ՈՒԱԿ-ում բուժօգնության որակը, ինչպես նաև բուժաշխատողների բարեվարքության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»:

Իսկ վերոնշյալ օգտատերն օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում դժգոհություն էր հայտնել կենտրոնի աշխատանքից. «Երկու շաբաթ ա՝ մտածում եմ՝ ոնց գրեմ էս պոստը, որ կարդաք մինչև վերջ՝ չնայած թեմային, ու որ գրածս մի բան փոխի... Բայց եթե քաղցկեղի մասին կարդալը բարդ է, գրելը շատ ավելի բարդ է, ու երևի դա է պատճառը, որ գրող ու խոսացող չկա:

Ինչպես շատերը գիտեն, մեր քաղաքում կա քաղցկեղով զբաղվող մասնագիտական հիվանդանոց` Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, ու տրամաբանական է, որ այն ունի վերակենդանացման բաժանմունք, բայց այստեղ տրամաբանությունն ավարտվում է, որովհետև ես չեմ կարող հասկանալ՝ ո՞ր տրամաբանությամբ է հնարավոր 4 ժամ սպասել բժիշկին, երբ բերում ես հիվանդին Վերակենդանացման բաժին ու ո՞նց կարողա մի ժամ Վերակենդանացման բաժնում բուժքույր ընդհանրապես չլինի, որովհետև «անալիզները վերցրել գնացել են». կամ ո՞ր տրամաբանությամբ է այդտեղ գործի ընդունվել մարդ, ում երբ հիվանդը գիշերը ջուր է խնդրում, պատասխանում է՝ «սանատորիա չես ստեղ եկել», կամ միգուցե կա՞ ինչ-որ տրամաբանություն քովիդի ժամանակ Վերակենդանացման բաժնում ոչ մի դիմակով բժիշկ չլինելու մեջ: Կամ նրա մեջ, որ Վերակենդանացման բաժնի հիվանդներին կերակրելու պետք է գան բարեկամները ու միայն կոնկրետ ժամերին, իսկ երբ ժամից դուրս ասում ես, որ մեր հիվանդը հիմա լավ չի զգում, եթե չկերակրենք, վիճակը ավելի կվատանա, պատասխանում են «դու ինձ տենց բաներով մի վախացրու», իսկ հետո հրաժարվում են ասել՝ ինչ դեղորայք են ներարկել հիվանդին:
     Դե լավ գոնե Վերակենդանացման բաժնի ներսում բաց դռնով սենյակում ծխող բժիշկը գոնե լռիվ նոռմալա, չէ՞:

Չգիտեմ, չգիտեմ ում համարա դա նորմալ, չգիտեմ ովքեր են այդ առեղծվածային մարդիկ՝ այդքան դատարկ հոգիներով:

Արսեն Թորոսյան, պարզապես ուզում եմ հույս ունենալ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ուղղակի չի պատկերացնում՝ ինչ ա կատարվում այդ հիվանդանոցում, հույս ունենալ որ Ձեր ինչ-որ կախարդական փայտիկի շարժումով ամեն ինչ կփոխվի ու էլ ոչ ոք երբևէ չի անցնի այդ դժոխքի միջով մի հիվանդանոցում, որտեղ ի սկզբանե ամենախոցելի հիվանդներն են...

Մենք էլ այդ մի օրվա կորուստը երբեք հետ չենք բերի, բայց խնդրում եմ, թող էլ ոչ ոքի վերջին օրերից մեկը այդպիսինը չլինի»:

| | |
6225 | 0
Facebook