Տեղեկատվություն՝ երեխայի կուրացման լուրերի մասին. ԱՆ
Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ, գրում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: «Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում է «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ նյութը, որն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում, ավելին, դեռահասի մոտ չկա կուրություն: Տեղեկացնում ենք, որ 2003 թվականին ծնված աղջիկը սեպտեմբերի 8-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ստացել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման 3-րդ դեղաչափը: Հաջորդ օրը երեխայի մայրը բժշկին տեղեկացրել է, որ երեխան գանգատվում է տեսողության խանգարումից, սակայն պոլիկլինիկա չեն ներկայացել՝ պատճառաբանելով, որ երեխան աշխատանքի է: Երեխան սեպտեմբերի 14-ին «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, որտեղ իրականացվել են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, այդ թվում «MRT 3T» հետազոտություն, ինչպես նաև կազմակերպվել են նեղ մասնագետների խորհրդատվություններ: Արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»: Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն և հրաժարվել հանրությանը մոլորեցնող հայտարարություններից»,- տեղեկացնում են կենտրոնից: |