Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում առաջին երկիրը, որ երկրորդ անգամ կարանտին մտցրեց կորոնավիրուսի պատճառով

21:30, հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ.
Աշխարհում առաջին երկիրը, որ երկրորդ անգամ կարանտին մտցրեց կորոնավիրուսի պատճառով

Իսրայելում սեպտեմբերի 17-ին կրկին փակվել են դպրոցները և մանկապարտեզները: Պատճառը կորոնավիրուսի երկրորդ ալիքն է: Վաղվանից՝ սեպտեմբերի 18-ից, երկրում կրկին կարանտին է սկսվելու, որը կտևի 3 շաբաթ: Կարանտինի սիզբը համընկնում է հրեական Նոր տարվա հետ: Մեծ սինագոգն իր 62-ամյա պատմության մեջ առաջին անգամ փակ կլինի հավատացյալների առաջ:

Ուրբաթ օրվանից իսրայելցիներին արգելված կլինի առանց ծանրակշիռ պատճառի հեռանալ իրենց բնակության վայրից 500 մետրից ավելի: Հավաքույթները ևս սահմանափակվում են, փակ տարածքներում՝ ոչ ավելի, քան 10 մարդ, բաց տարածքներում՝ 20: Պետական ծառայողների կեսը կաշխատի հեռավար, կփակվեն բարերն ու սրճարանները:

Երեքշաբթի օրը ռեստորանատերները բողոքի ակցիա են իրականացրել. նրանք փողոցում ջարդուփշուր են արել սպասքը՝ ցույց տալով, որ նույն ճակատագրին է արժանանալու իրենց բիզնեսը սահմանափակումների պատճառով:

Վերջին մեկ օրում Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 5000 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում վարակվել է 170 հազար մարդ:

Այսպիսով, Իսրայելն աշխարհում առաջին երկիրն է, ով երկրորդ անգամ կարանտին է մտցնում կորոնավիրուսի պատճառով:

22493 | 0
Facebook