Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Խունդկարյանն էն օյինն է դնելու Նիկոլի գլխին, որ Շաթիրյանին ու Թովմասյանին երանի տան». Լևոն Բարսեղյան

14:05, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
«Խունդկարյանն էն օյինն է դնելու Նիկոլի գլխին, որ Շաթիրյանին ու Թովմասյանին երանի տան». Լևոն Բարսեղյան

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջ նայեք

Էսօրվանից, եթե ոչ երեկվանից, բոլոր հեղափոխական մարդիկ և ուժերը, տասնամյակներով ձեռներից եկածն ու չեկածը արած, 18 թվին ոտքի ելած, ճամփեք փակած, ծեծ կերած, քֆուրներ կերած, հնից զզված, նորերին քվե տված ու հույսերով սպասած խմբերը, քաղաքական և մերձքաղաքական ուժերը պարտավոր են վերանայել և վերաիմաստավորել անցյալը, իրենց ակնկալածի և ստացածի հարաբերակցությունը, գոտեպնդվել, ազատվել պատրանքներից, վերապլանավորել, վերածրագրավորել և նոր թափով շարունակել պայքարը մեր ազատությունների, իրավունքների և նոր Հայաստանի համար:

Նոր իշխանությունն այսօր, ի դեմս Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության, ցույց տվեց, որ առնվազն անկարող է համակարգային բարեփոխում իրականացնել Սահմանադրական դատարանում, իսկ մնացած խոստումների մասով, ինչպես օրինակ անցումային արդարադատություն գործարկելու, դատաիրավական բարեփոխումներ, այդ թվում արդյունավետ և հրատապ վեթինգ իրականացնելու, ոստիկանական և դատախազական համակարգերի մաքրազտման մասով ուղղակի կիսաքնած է, ալարկոտ և բազմիմաստ անգործության է մատնված: Թե ուր են նոր ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին նոր օրենքը, նոր սահմանադրությունը, չգիտեմ, գուցե ինչ-որ մեկը տեսնող եղել է, իմ աչքից վրիպել է:

Մարդիկ, որ առանց հանգստյան օրվա պիտի աշխատեին տասնամյակների ավերը մաքրելու և նոր պետության հիմքերը գցելու համար, այնպիսի ինքնավստահությամբ են ներումներ շնորհում զավթարարների գործակատարներին ու նրանց տեղադրում իշխանության և պետության կառավարման համակարգի ղեկավար դիրքերում, որ մտածում եմ` տեսնես որտե՞ղ են ուզում մեզ գցել: Նոր իշխանությանը, կամ ավելի ճիշտ, իշխանության նորերին թվում է, թե հներն ուղղակի պատահաբար ձեթ են թափել մեր շապիկին, կարելի է մեր փոխարեն ներել նրանց ու անցնել առաջ, պատահական է եղել, հո դիտմամբ չեն արել: Այն, որ նախիկինների այլանդակություններն անձամբ իրենց մաշկի վրա չզգացած կառավարիչներն ու պատգամավորները կարող էին այդպիսի միամիտ համերաշխացավով տառապել, դեռ կարող եմ հասկանալ, բայց Նիկոլն ու այն մի քանի հոգին, որոնք հալածվել են ֆիզիկապես, անարդարությամբ զրկվել են ազատությունից և այլ բաներից, ինչպես կարող էին նույն ցավով տառապել, ինչպես կարող էին ընկնել փոսը, երբ իրենց սիրած ռեալպոլիտիկի դոկտրինն ասում է, որ քաղաքականության մեջ զեղչեր և զգացմունքեր չկան, կա հանրային/քաղաքական/ազգային շահ, շահ և շահ: Տեսնես` որն է «Իմ Քայլի» հասկացած հանրային շահն էսօրվա քվեարկությունից: Կարո՞ղ է մտածում են, որ ժողովուրդն ու սերժիկներն իրենց մասին մտածելու են, թե այ մարդ, ինչ բարի՜, հանդուրժո՜ղ, ինչ մեծահոգի՜ հեղափոխականներ են ու պը՞րծ, էդ է՞ր հանրային շահը:

Բայց մի օր Շաթիրյանն էլի խաղալիքները հավաքի, ասի՝ ես գնում եմ տուն, էլ Սահմանադրական դատարան չեմ ուզում, որտև գրասեղանը մի քիչ բարձր է, պաղպաղակ եմ ուզում, Էն ամբիոնին փռված մարդը կասի՝ ապեր, դիլխոր եմ, ես կյանքի տղա եմ, մեկդ չկարեցաք բացատրել, թե ինչու առաջին անգամ ինձ չընտրեցիք, ինքն էլ չի կարենալու բացատրել, թե ինչու մեկ անգամ մերժվելուց հետո համաձայնեց նորից թեկնածու լինել: Մեծարգո պարոն Խունդկարյանը..., (օ, այս մասին երկու կիլոմետր կարող եմ պատմել), էն օյինն է դնելու Նիկոլի ու Արարատի ու «Իմ Քայլը» խմբակցության գլխին, որ Շաթիրյանին ու Թովմասյանին երանի տան: Թե բա՝ հանդուրժողականություն և համերաշխություն: Թող չուզողը ես լինեմ: Հանդուրժողականությունը նախկիններին փողոցում մահապատժի ենթարկելու կոչերը դատապարտելն է, երկրից չարտաքսելու, հարևանությամբ խաղաղ ապրելու դրվածքն է, երեխաներին չասելն է, թե գիտե՞ս հերդ քանի կյանք է կործանել, քանի հոգի է արտագաղթել հորդ կամ մորդ պատճառով, հանդուրժողանակությունը հանցանքների և քաղաքական պատվերների ներման կամքը չէ, այդպիսի ներողամտությունը ժողովուրդը, մեղմ ասած, էշություն է ասում: Իսկ պետության զավթիչների ու դրանց անմեղսունակ կամ այդ զավթմանը կապ չունեցած ձևացածների հետ համերաշխությունն ուղղակի հանցագործություն է: Սերժիկը միայնակ էր կեղծել ընտրություննե՞րը, չհասկացա, միայնակ էր բոլոր տեղամասերում կեղծարարություն արել, քվեներ նկարել, կաշառք բաժանել, կոռուպցիա ծաղցկեցրել, դատեր վարել հա՞, բոլորը սուրբ ու համերաշխության սուբյեկտ էին, միակ մեղավորը Սերժի՞կն էր, թե՞ ինքն էլ չէր, թե՞ «բոլորս ենք մեղավոր» եղել ու խաբար չենք եղել:

Իսկ հեղափոխության արեժքներին ու նպատակներին համերաշխությո՞ւնը, որ դարակը դրեցիք, տիկնայք և պարոնայք: Հեղափոխությամբ իշխանության ապարատում հայտնվածներին կարող է թվալ, թե իրենց ստացած քվեն ցմահ է, կարող են կարծել, թե քանի որակյալ քաղաքական այլընտրանք չկա դաշտում, իրենք հա էլ կրած են, կարող են ծածուկ տենչալ, այնպես անել, որ ոչ մի այլընտրանք էլ չաճի, թեկնածուները միշտ լինեն իրենք, ջուր բաժանողները, սերժիկները, մերժիկները, խայտառակված և քաղաքական աղբանոց շպրտվածները, որպեսզի մարդիկ ամեն անգամ գնան, ասեն՝ դե էս է, ինչ անենք, հո սերժիկներին չենք ընտրելու: Նորերը կարող են համարել, որ քանի կարող են հներին հիշեցնել ու դրանով շանտաժել իրենց քննադատողներին, իրենք հա էլ կրած են լինելու: Բայց էսօր մի սահման գծեցին, որ ոչ ոք չի մոռանալու, մոռանալ տալ են փորձելու, բայց սա չի մոռացվելու, երկու տարում չարածը կարելի է մոռանալ, սա անկարելի է, որովհետև մեր երկիրը երբեք դատական իշխանություն չի ունեցել, ունեցել է դատական համակարգ, բայց որպես իշխանության ճյուղ չի ունեցել, ու այս մեկուկես տարվա գալարապտույտ դեգերումներից հետո հեղափոխական իշխանությունը վերցրեց վերարտադրեց հներին ու թաղեց դատական իշխանություն ձևավորելու ակնկալիքն էլ, ճանապարհն էլ:

Պատճառները շատ են և գոնե ես այս պատճառները մատնանշել եմ բազմիցս: Զահլա չկա նորից պատմելու: Դրանք օբյեկտիվ են ու սուբյեկտիվ: Սակայն քաղաքական կամքի առկայության դեպքում ամեն ինչ հաղթահարելի կլիներ, չուզեցին, նահանջեցին, խեղճացան, գիտեին իրենց համար գլխավորը՝ իշխանափոխություն, Սերժիկի և դրա շրջապատի հրաժարեցումը: Արվեց, հեղափոխությամբ և ժողովորդով իհարկե, իսկ թե ինչ էր արվելու դրանից հետո՝ պետականաշինության, երկրի պետաիրավական համակարգի ազատագրման համար՝ չգիտեին ու չգրեցին, չսահմանեցին ու չարեցին, մի քանի մանր-մունր կիսաքայլերը և ավելի շատ պաթոսնյակ ու լիրիկական զեղումները չհաշված՝ «հպարտ քաղաքացի», «Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ...», և այլն: Այ հողերս այն հպարտ քաղաքացու վրագլխուն, որի գործը լսելու են Խունդկարյանը, Թովմասյանը, Շաթիրյանն ու էն ամբիոնին փռված մարդը, ազգանունը չեմ կարողանում մտապահել, ներող կլինեն ինքն ու իրեն ՍԴ ուղարկողները:

Մարդիկ կմոռանան նոր իշխանության պոռոտախոսությունը, անփորձությունը, անտեղյակությունը, բայց չեն մոռանալու էսօրվա քննությունից կտրվելը:

Ես մի քանի ամիս է մտածում էի, հիմա այստեղ ձևակերպեմ: Մի քանի կարևոր անելիք ունենք կամ ունեն բոլոր նրանք, որոնք իսկական և խորքային բարեփոխում են ուզում մեր պետական և տեղական կառավարման համակարգերի:

Առաջինը

Ամեն ջանք դնել, կարողություններ զարգացնել ընտրական մեխանիզմի վերաապականում և վերազավթում թույլ չտալու համար, որպեսզի ընտրակեղծարարության մեքենան չգործարկվի նորովի, նորից մանկավարժներին չստրկացնեն, նորից գործարարներին ու քրեականներին չլծեն քվեներ կեղծելու, սարքելու, նկարելու, ընդդիմադիրներ ծեծելու, և սատկացնելու հին և եկամտաբեր գործին:

Երկրորդը

Մաքուր, նոր քաղաքական ուժերի ձևավորում և հզորացում, որոնք իրական գաղափարներով, ծրագրերով և ճանապարհային քարտեզներով կելնեն քաղաքական ասպարեզ, հանրային իսկական շահի պաշտպանության գաղափարների վեճ ու մրցակցություն կհարուցեն, կմրցեն ու թույլ չեն տա «եզակի, անկրկնելի, միակ» քաղաքական մեծամասնության մեխանիկական վերարտադրություն:

Երկու գործն էլ հսկայական ջանք ու միջոց է պահանջում:

Բայց, եթե կամենում ենք արդար Հայաստան ունենալ, պիտի բոլորս ջանք դնենք այս երկու պայմանն ապահովելու համար:

Սա բազմաթիվ գործողություններ է պարտադրում, այդ մասին հետո կգրեմ, բայց ամենագլխավորը հանրային կրթությունն է, մարդիկ ու նոր սերունդը պիտի լավ իմանա մեր հինունոր պատմությունը, քաղաքականապես գրագետ լինի, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանել սովորի, ազատվի զոմբաժից: Քաղաքացիական կրթությունը և գրագիտությունը մեր փրկության ճանապարհն է:

Ես սա եմ համարում նոր և արդար Հայաստանի կառուցման ճանապարհ, այնպիսի Հայաստանի, որտեղ բոլոր հանցագործները և վնասատուները հատուցած կլինեն իրենց արածների համար, և որտեղ մարդիկ հատուցված կլինեն զրկանքների համար: Եվ համոզված եմ, որ Էսօրվա Սահմանադրական դատարանն անկարող է այդ հատուցման և հետագա արդարության երաշխավորը լինել: Այսօր «Իմ քայլն» ու իշխող քաղաքական ուժը եկավ անուղղակի հայտարարելու, որ իրենք էլ չեն կարող երաշխավոր լինել նման պարզ գործի: Օրինավոր են, մաքուր մանդատով, բայց դա անբավարար եղավ:

Մինչդեռ անհնարինը չի լինում, ինչպես հայտնի է: Հետհեղափոխական իշանությունները, նույնիսկ մի քանի ընտրություն շարունակ, լինում են էկլեկտիկ, լինում են սխալական, երբեմն պատահական մարդկանցով լեցուն, անորոշ, հախուռն, վայրիվերո, սա բնական է ու վատ է, բայց ողբերգություն չէ, ողբերգությունն սկսվում է այն ժամանակ, երբ այդ իշխանությունն սկսում է խաբել ինքն իրեն: Հետո խաբելը հեշտանում է, որ տևում է մինչև հաջորդ ընտրություններ»:

| | |
2394 | 1
Facebook