Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Թեժ քննարկումներ. ծնողները դժգոհ են երեխաների՝ մանկապարտեզ հաճախելու կարգից. «Ժողովուրդ»

09:40, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Թեժ քննարկումներ. ծնողները դժգոհ են երեխաների՝ մանկապարտեզ հաճախելու կարգից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրությունը դեռ պահպանվում է, և որքան էլ սեպտեմբերի 11-ից հետո այն կոչվելու է կարանտին, այնուամենայնիվ, ռեժիմը նույնն է: Եւ ինչպես բառն է հուշում, արտակարգ դրության ժամանակ ենթադրվում են ոչ դասական լուծումներ: Մանկապարտեզների թեման ողջ երկրում լուրջ խնդիր է դարձել: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ից պետք է վերաբացվեն մանկապարտեզները, սակայն առկա են մի քանի կանոններ, մասնավորապես՝ 10-12 հոգանոց խմբեր պետք է լինեն, առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային, տվյալ հաստատություն աշխատակցի երեխային, իսկ հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ծնողներից ահազանգեր է ստացել, որ մանկապարտեզի տարիքի երեխաներին չեն կարողանում տեղավորել մանկապարտեզներում, ունեն 5 տարեկանից փոքր տարիքի երեխա, ինչպես վարվել:

Օրաթերթը դիմեց Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե ինչ է անում քաղաքային իշխանությունը խնդիրը կարգավորելու համար. ի վերջո, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ունեն մանկապարտեզային տարիքի երեխա և կանգնած են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը համակարգում է մայրաքաղաքի դպրոցների և մանկապարտեզների աշխատանքը, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ մանկապարտեզների և դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություններ է անցկացնում: «Մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից ողջ ծավալով բացվելու են, բայց կան պարետատան կողմից ներկայացված կանոններ: Եվ, ըստ նոր կանոնների, մենք հնարավորություն կունենանք 31 հազար երեխաներից ապահովել 29-30 տոկոսի հաճախելիություն: Եթե առաջին փուլով հասկանանք, որ այս պահին թույլատրելի 10 հազար տեղը չի լրանում, ևս մի քանի խմբի կսկսենք ներառել այս համակարգում, որ կարողանան իրենց երեխաներին բերել: Ինչ վերաբերում է ընդունելությանը, քանի որ մենք հիմա ունենք հերթի մեջ սպասող անձանց, ապա նոր անձանց հերթագրումների մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Վիրաբյանը:

Փառահեղ պատասխան, փառահեղ կառավարում, փառահեղ որոշում: Թվում է՝ քաղաքապետարանը քափ ու քրտինքի մեջ աշխատում է, Տիգրան Վիրաբյանը մտատանջվում է՝ ինչպես անել, որ մանուկները կարողանան իրենց կյանքի կարևորագույն սոցիալականացման խնդիրը կարգավորել, բայց ստացվում է, ինչպես միշտ: Վատ կառավարման արդյունքում երեխաների մեծ մասը մնալու են մանկապարտեզից դուրս, իսկ շատ ծնողներ՝ գործազուրկ: Բայց գլխավորն այն է, որ Տիգրան Վիրաբյանը խորհրդակցություններ է կազմակերպում, ոչինչ, որ խնդիրը այդպես էլ չի լուծվելու»:

Մայրամասները՝ թերթի համարում:

3541 | 0
Facebook