Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսաստանցիներին ձերբակալելու պատճառով աշխատանքից ազատել է ՊԱԿ ղեկավարին

14:35, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսաստանցիներին ձերբակալելու պատճառով աշխատանքից ազատել է ՊԱԿ ղեկավարին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի պետանվտանգության կոմիտեի ղեկավարն ազատվել է պաշտոնից՝ 33 ռուսաստանցիների ձերբակալման հետ կապված իրավիճակի պատճառով:
     Այս մասին հայտնել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը, ով հարցազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ։ «Մենք հարցրինք՝ այս ամբողջ պատմության պատճառո՞վ է (33 ռուսների ձերբակալումը) իր պաշտոնից զրկվել ՊԱԿ-ի ղեկավարը։ Նա պատասխանեց՝ «այո»։ Իմաստը հետևյալն է՝ նա տեղեկություն է ստացել, որ Բելառուսի տարածք է մտնում ավտոբուս, որտեղ նստած է 33 մարդ»,- ասել է Բաբայանը։ «Նա հարց է տվել հատուկ ծառայությունների ղեկավարներին. դուք կկարողանա՞ք վերահսկել բոլոր այդ մարդկանց տեղաշարժը և նրանց գործողությունները։ ՊԱԿ ղեկավարն ասել է՝ մենք չենք երաշխավորում, որ կարող ենք հետևել այդ խմբի գործողություններին։ Դրանից հետո, ասում է, ես հրահանգել եմ նրանց ձերբակալել։ Սկսել են պարզել, թե ով և ինչի համար»,- Բելառուսի նախագահի խոսքը մեջբերել է Բաբայանը։
     Բելառուսի իշխանությունները հուլիսի 29-ին հայտնել են 33 ռուսաստանցիների ձերբակալման մասին: Բելառուսի Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ ձերբակալվածներին կասկածել են հանրապետությունում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: Ընդ որում, հատուկ ծառայությունների տվյալներով, ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել Բելառուսի տարածք «ավելի քան 200 զինյալների ժամանման մասին՝ նախընտրական արշավի ընթացքում իրավիճակն ապակայունացնելու համար»:
     ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, ձերբակալվածները հակաիրավական գործողություններ չեն իրականացրել, իսկ Ռուսաստանը չի միջամտել և չի միջամտում Բելառուսի ներքին գործերին:
     ՌԴ գլխավոր դատախազությունն օգոստոսի 14-ին հայտնել է, որ Բելառուսի տարածքում ավելի վաղ ձերբակալված 33 քաղաքացիներից 32-ը վերադարձել են Ռուսաստան:

4411 | 0
Facebook