Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս ուղղաձիգ, նախարարակենտրոն կառավարման մոդելն ո՞ւմ է ձեռնտու». Լիլիթ Բլեյան

15:40, կիրակի, 06 սեպտեմբերի, 2020 թ.
«Այս ուղղաձիգ, նախարարակենտրոն կառավարման մոդելն ո՞ւմ է ձեռնտու». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չգիտեմ՝ ով է «սովորական ուսուցիչը»․ եթե սովորական ուսուցիչը Հայաստանում իր մտքի, երազանքի ու աշխատասիրության ուժով կարողանում է ստեղծել ու զարգացնել մեր կրթահամալիրի պես արտասովոր, ծաղկուն մի կղզիախումբ՝ դուրս պրծնելով բանգլադեշյան քարուքանդ իրականությունից ու ստեղծելով իր սեփական վառ իրականությունը, ապա դա սովորական ուսուցիչ չէ, սովորական հրաշագործ է։

Բայց դա մի կողմ։ Լրագրող գործընկերներիս, որպես նախկին լրագրող, կառաջարկեի դուրս գալ անհատական գնահատականների տիրույթից ու փորձել մի պահ հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում։ ՀՀ տարածքի ամենաակտիվ, ինքն իրեն լավագույնս դրսևորած, մեծ կրթական համայնք համախմբող, երեք տասնամյակի փորձ ու ավանդույթներ ունեցող կրթական կազմակերպությանը փորձում են թույլ չտալ՝ շարժվել օրենքով իրեն տրված ճանապարհով, օգտվել սեփական կազմակերպական ձևը որոշելու իր իրավունքից։

2001-ին ընդունված՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքը գուցե 19 տարի առաջ ուներ կիրառական (իսկ իրականում՝ անցումային) նշանակություն, բայց կառչած մնալ այդ համակարգին 2020 թվականի՞ն՝ առանց հաշվի առնելու երկրի ու աշխարհի դինամիկ զարգացումը, կրթական և մշակութային կառույցների ներքին առողջացման, ներքին ժողովրդավարացման, ազատականացման կարևորագույն խնդիրները, որոնց լուծումն է միայն ճանապարհ բացում դեպի ստեղծագործական առաջընթաց։

Ճակատագրո՞վ է մեզ տրվել այս օրենքը, թե՞ ընդունվել է, որպեսզի ենթարկվի ժամանակի ու զարգացման պահանջներին, ինչպես ցանկացած այլ օրենք՝ կենդանի մարդկանց առնչվող։

Այս ուղղաձիգ, նախարարակենտրոն կառավարման մոդելը ո՞ւմ է ձեռնտու, ինչո՞ւ չենք կարողանում ավելի լայն նայել հարցին։ Եթե ԿԳՄՍՆ-ն վախենում է կազմակերպական և որոշումների կայացման լրացուցիչ ազատություն տալ կրթամշակութային կառույցներին, ապա գուցե սկսենք հարցնել՝ իսկ որտե՞ղ են այդ վախի արմատները, և ինչո՞ւ պետք է մենք գերի դառնանք ուրիշների վախերին»:

3876 | 0
Facebook