Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ տրված առերևույթ չարաշահումների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով քննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է հայտնաբերել։
Այս ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։
Դեռևս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Ընդ որում՝ վարչապետի աշխատակազմին գումարը հատկացվել էր կառավարության գաղտնի որոշմամբ, իսկ վերանորոգման շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: