Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերձբալթյան երկրները պատժամիջոցներ են սահմանում Լուկաշենկոյի դեմ. վերջինն սպառնալիքներ է հնչեցրել

23:55, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Մերձբալթյան երկրները պատժամիջոցներ են սահմանում Լուկաշենկոյի դեմ. վերջինն սպառնալիքներ է հնչեցրել

Ալեքսանդր Լուկաշենկոն կընդգրկվի այն անձանց ցուցակում, որոնց կարգելվի մուտք գործել Մերձբալթյան երկրներ՝ Բելառուսում ընտրությունների կեղծման և ցուցարարների դեմ բռնության համար: Այս մասին հայտնել Է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
     «Առաջիկա ժամերին Լիտվան, Լատվիան և Էստոնիան կհայտարարեն այդ ցուցակը։ Այնտեղ ընդգրկված է մոտ 30 անուն, սակայն դա կլինի միայն ցուցակի սկզբնական տարբերակը։ Կասկած չկա, որ այդ ցուցակը հետագայում համալրվելու է նոր մարդկանցով և իշխանության ներկայացուցիչներով»,- ասել է նա։
     Նրա խոսքով՝ ցուցակում ընդգրկված պաշտոնատար անձինք չեն կարողանա մուտք գործել Լիտվա, Լատվիա և Էստոնիա:
     «Առայժմ մենք խոսում ենք պաշտոնյաների տեղաշարժի սահմանափակումների մասին, պարոն Լուկաշենկոն այդ ցուցակում է»,- պարզաբանել է Նաուսեդան։
     Արևմուտքի երկրները նույնպես չեն ճանաչել քվեարկության արդյունքները և համաեվրոպական պատժամիջոցներ են պատրաստում Բելառուսի իշխանությունների դեմ: Ընդ որում, Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն հայտարարել է Լիտվայի և Լեհաստանի նկատմամբ պատասխան սահմանափակիչ միջոցների նախապատրաստման մասին:
     «Մենք հիմա նրանց ցույց կտանք, թե ինչ են պատժամիջոցները։ Իսկ արտադրանքների վրա պատժամիջոցների առումով (այն արտադրանքի, որի վրա Ռուսաստանը էմբարգո է սահմանել), թող նույնիսկ չերազեն»,- ավելի վաղ հայտարարել էր Լուկաշենկոն՝ հավելելով, որ իր արտադրանքը արտահանելիս Բելառուսը կհրաժարվի Լիտվայի նավահանգիստներից»:
     Բելառուսի ԱԳՆ-ում մեկնաբանել են վիզային պատժամիջոցները․ «Մենք մանրամասն ծանոթացել ենք լիտվական, լատվիական և էստոնական կողմերի հայտարարություններին։ Ինչևէ, նրանք մեր հարևան երկրներն են, ուստի նրանց կարծիքը մեզ համար նշանակություն ունի։ Հասկանալի չէ, թե ինչպես է Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի այս քայլը կոչված՝ աջակցելու Բելառուսի ինքնիշխանությանն ու անկախությանը, որի մասին այդքան շատ է խոսվում»,- հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:
     Նրա խոսքով՝ այս քայլը իսկական հիասթափություն է առաջացնում:
     «Մեր անկախ պետության պատմությունը հաստատում է, որ Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու ցանկացած փորձ, դրանց նախաձեռնողների համար ունենում է միայն հակառակ ազդեցությունը։ Համոզված ենք, որ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի այսօրվա որոշումը նույնպես բացառություն չի լինի։ Մենք ավելի վաղ հայտարարել էինք, որ Բելառուսը ստիպված կլինի ձեռնարկել համարժեք պատասխան քայլեր նախաձեռնողների նկատմամբ։ Եվ դա արվելու է»,- ընդգծել Է Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը։

5638 | 0
Facebook