Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի խրտվիլակի համար ազատազրկումն իշխանության ջղագրգռության նշան է

18:15, հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Պուտինի խրտվիլակի համար ազատազրկումն իշխանության ջղագրգռության նշան է

Դեռ մի քանի տարի առաջ Ռուսաստանում իշխանությունը չէր հետապնդում Վլադիմիր Պուտինին քննադատողներին։ Բայց որքան երկար է նա Կրեմլում, այնքան ցավոտ է ընկալվում քննադատությունը, նշել է վերլուծաբան Ալեքսանդր Պլյուշևը։
     «Պերմի բնակիչ Ալեքսանդր Շաբարչինը 2 տարվա ազատազրկման, իսկ նրա ընկեր Դանիլ Վասիլևը 1 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել խուլիգանության մեղադրանքով: 2018 թ-ի նոյեմբերին Պերմ քաղաքի կենտրոնում գտնվող սյուներից մեկի վրա նրանք խրտվիլակ են ամրացրել Պուտինի դեմքով և «Ռազմական հանցագործ Վ.Վ․Պինյա»» ու «ստախոս» գրություններով։
     Փորձագետները խոստովանել են, որ այդ խոսքերը Վլադիմիր Պուտինին բնութագրում են որպես ոչ անկեղծ մարդ, որին բնորոշ է ստելը և մարդկության դեմ հանցագործություններ կատարելը:
     Ընդունված է համարել, որ նման գործերը մեծ աշխատատարություն չպահանջող միջոց են, որի օգնությամբ ոստիկանները փորձում են ստանալ պաշտոնի բարձրացում։ Բայց ոչ պակաս ակնհայտ է, որ ամբողջ համակարգն ու ինքը՝ Վլադիմիր Պուտինը, որը գլխավորում է այն, ողջունում են այդ միտումը։ Եվ ստացվում է, որ հենց Պուտինն է մարդկանց ազատազրկում իրեն վիրավորելու համար։
     Շաբարչինի գործը միակ դեպքը չէ. այս տարվա հունվարից կալանքի տակ է գտնվում Քարիմ Յամադաևը: Նա YouTube-ում խաղային հոլովակ է թողարկել, որում պատկերված է Դմիտրի Պեսկովի, Իգոր Սեչինի և Վլադիմիր Պուտինի դեմ «դատավարությունը»:

Դմիտրի Պեսկովի, Իգոր Սեչինի և Վլադիմիր Պուտինի դեմ «դատավարությունը»
Այժմ նրան մեղադրում են ոչ միայն իշխանության ներկայացուցչին վիրավորելու, այլև ահաբեկչությունն արդարացնելու մեջ:
     «Ագորա» իրավապաշտպան խմբի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում պետության ղեկավարին ուղղված այնպիսի վիրավորանքները, որոնք որակավորվում են որպես մանր խուլիգանություն, գրեթե չորս տասնյակ են կազմել, տուգանքների ընդհանուր գումարը գերազանցել է 1 մլն 200 հազար ռուբլին: Վլադիմիր Պուտինն իշխանության՝ ամենաշատ վիրավորանք ստացած ներկայացուցիչն է:
     Որքան երկար է Վլադիմիր Պուտինը իշխանության ղեկին, այնքան ավելի ծանր է նրա համար ընկալվում ցանկացած քննադատություն և, առավել ևս՝ ծաղր: Հատկապես, եթե դա բխում է շարքային քաղաքացուց: Իշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառը նրա սեփական գործողություններն են։
     Թվում է, թե քաղաքական առաջնորդի տիկնիկը կամ խրտվիլակը՝ ամենաանհարգալից բառերով, քաղաքական բողոքի նորմալ բաղադրիչ է։ Մենք հաճախ տեսնում ենք, որ տարբեր քաղաքական գործիչներին պատկերում են բազմաթիվ երկրներում ցույցերի ժամանակ, նրանց ցույց են տալիս նաև հանրային հեռուստատեսության ալիքներով: Քննադատել Թրամփին կամ Մերկելին, ինչպես հին անեկդոտներում, նույնպես կարելի է միանգամայն ազատ, այդ թվում նաև հեռուստատեսությամբ: Բայց Ռուսաստանում նման արարքը խստորեն պատժելի է։
     Եվ եթե Ռուսաստանում տեղի ունենա այն, ինչ այժմ կատարվում է Բելառուսում, Պուտինին չեն մոռանա և չեն ների վիրավորանքի համար պատժամիջոցները: Եվ նրա դեմքով խրտվիլակ մենք դեռ կտեսնենք։ Պարզապես այն պատճառով, որ դա կնշանակի, որ գործող իշխանություններին ազատ քննադատելը նորմալ է»,- Ալեքսանդր Պլյուշև-ի խոսքերն է փոխանցում DW-ն։

5126 | 0
Facebook