Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մանրամասներ՝ լրագրողի նկատմամբ իրականացված կողոպուտի վերաբերյալ

15:40, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
Մանրամասներ՝ լրագրողի նկատմամբ իրականացված կողոպուտի վերաբերյալ

ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրագրող Սոնա Հարությունյանի նկատմամբ օրեր առաջ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ այսօր համացանցում տարբեր գրառումների և կարծիքների առնչությամբ մանրամասնում ենք.

Սոնա Հարությունյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 23-ին Արզումանյան փողոցում անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է իրեն պատկանող մոտ 6 գրամ կշռով և մոտ 90.000 ՀՀ դրամ արժողության կախազարդով ոսկյա շղթան:

Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվել է 2020թ. հուլիսի 25-ին, որը նույն օրը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։

Ձեռնարկված բազմաթիվ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան:

Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե` մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ):

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախօրեին՝ 2020թ. օգոստոսի 12-ին, առերևույթ հանցագործություն կատարած 29–ամյա տղամարդը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, որից հետո քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Երիտասարդը հարցաքննվել է դեպքի շուրջ և տվել խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ»:

3956 | 0
Facebook