Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումն արդեն իսկ ընդգրկված էր ծրագրում». ՏԿԵ խոսնակ

15:05, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
«Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումն արդեն իսկ ընդգրկված էր ծրագրում». ՏԿԵ խոսնակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Հարգելի՛ պարոն Մարուքյան, ի պատասխան նախարար Պապիկյանին ուղղված Ձեր դիմումի վերաբերյալ գրառմանը՝ տեղեկացնում եմ, որ Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումն արդեն իսկ ընդգրկված էր Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: «Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ծրագիրն» այս պահին գտնվում է Համաշխարհային բանկի կողմից հաստատման փուլում, առաջիկա երկու ամիսներին մրցույթ կհայտարարվի և կիրականացվի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Նախատեսվում է նորոգել 3,2 կմ երկարությամբ ճանապահ, որն իր մեջ ներառում է նաև ճոճվող կամուրջ տանող ճանապարհը:

Ձեր նախորդ առաջարկին ևս արձագանքելով՝ հավելեմ, որ Հայոց այբուբենի հուշարձանից Ամբերդ տանող ճանապարհը նույնպես հիմնանորոգվելու է, ներառված է 2022թ. ծրագրում:

Հանրապետությունում այժմ վերակենդանանում են ավելի քան 40 տարի չհիմնանորոգված ճանապարհներ: Հայաստանի բոլոր ճանապարհները մշտադիտարկվում են թե՛ նախարարի, թե՛ նախարարության ոլորտային պատասխանատուների կողմից և առաջին իսկ հնարավորության դեպքում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում վերանորոգման ծրագրերում:

Շնորհակալություն առաջարկների համար:

Ձեր դիմումների պաշտոնական պատասխան գրությունները կստանաք սահմանված ընթացակարգով և ժամկետներում»:

2779 | 1
Facebook