Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մնում է միայն ասել, որ դուք ոչ միայն անզգամ եք, այլև անաստված». Արմեն Դանիելյան

19:00, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
«Մնում է միայն ասել, որ դուք ոչ միայն անզգամ եք, այլև անաստված». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ «անկեղծ խոսքը» ոչ ավել ոչ պակաս սուտ է, մեծ սուտ, չափազանցեցված կեղծիք... մնում է միայն ասել, որ դուք ոչ միայն անզգամ եք, այլև անաստված...
     Հ.Գ. Ապրիլյան պատերազմի մասին մատուցած «ազնիվ խոսք»֊ն անաստված լինելու ամենավառ օրինակն է...
     Հ.Գ. Երբ Ապրիլյան պատերազմի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյան֊Ուրֆանյանն ասում էր, որ սահմանին կռվող տղաները երեք օր խոտով են սնվել, կուշտ ստամոքսով կիսաանգրագետ գեներալներից մեկը, ով բառիս նույն իմաստով զբաղված էր խառնակչությամբ, ստորաբար հերքում էր, թե ծնողները ստում են...
     Երբ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված սերժանտ Ռոբերտ Աբրահամյանի հայրը՝ Աբրահամ Աբրահամյանը հայտարարում էր, որ իր որդու մարմնի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ նախքան զոհվելն իր որդին երեք օր ոչինչ չէր կերել...
     Իսկ Ապրիլյան պատերազմի ժամանակ Արմենակ Ուրֆանյանի հետ զոհված Արարատի մարզի Վեդի քաղաքից շարքային Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանն ասում էր՝ «վերջին բացահայտումներից պարզ դարձավ, որ իրենցից գողացվել է որդիների ողջ մնալու հնարավորությունը»։ Ավելին նա պնդում էր, որ «Ինձ համար, բոլոր ծնողների համար, համոզված եմ, սա միայն մի բնութագրում ունի՝ դավաճանություն»...
     Ես ինքս եմ սեփական աչքերով տեսել Մեր Հերոս տղաներից մի քանիսի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները... այդ եզրակացությունների մեջ փորձագետները սևով սպիտակի վրա արձանագրել են՝ “…դիակի դատաբժշկական փորձաքնության ընթացքում նրա ստամոքսում որևէ սննդային պարունակություն չի հայտնաբերվել…։
     «…դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ նրա ստամոքսում սննդային զանգված չի հայտնաբերվել…»։
     Հ.Գ. Արցունքն աչքերին հերոս Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանն ասում էր՝ «...մեր երեխաները սոված էին, դատարկ ստամոքսով: Ինձ համար էնքան ցավալի ա դա, որ իմ երեխան երեք օր սոված ա եղել: Ես կարամ թղթերը բերեմ, որ նա երեք օր հաց չի կերել: Գոնե կուշտ լիներ, դիմադրեր էդ ցավին, ողջ կմնար, իմ կողքին կլիներ: Հիմա նրանց նմաններն ապրում են, իսկ մեր երեխաները չկան»... Իսկ «գեներալ» Մանվել Գրիգորյանին պատկանող կալվածքում զինվորների համար նախատեսված սննդով արջերին էին կերակրում...
     Եվ այսքանից հետո, դուք դեռ ձեր «ազնիվ խոսքով» զբաղված եք ինքնախաբեությա՞մբ... Անձամբ ձեզ զոհված զինվորների ծնողները «մեղադրում են» դավաճանության մեջ...
     Եվ իսկապես՝ ո՞ւր էիր, Աստված, երբ հոշոտում և սովամահ էին անում մեր հերոս զավակներին...»:

6688 | 1
Facebook