Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փնտրում են առարկաներ, իրեր, հիմնականում փաստաթղթեր. անգամ չգիտեն՝ ինչ են առգրավում». Ամրամ Մակինյան

16:00, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
«Փնտրում են առարկաներ, իրեր, հիմնականում փաստաթղթեր. անգամ չգիտեն՝ ինչ են առգրավում». Ամրամ Մակինյան

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շարունակում են զննություն իրականացնելՀյուսիսային պողոտայում գտնվող M group շինարարական ընկերությունում:

Քիչ առաջ փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հակառակ իրենց հորդորների և խնդրանքների՝ իրավապահները շարունակում են գործողություններ իրականացնել M group շինարարական ընկերությունում:

«Խուզարկության հատկանիշներ պարունակող գործողություն է կատարվում: Փնտրում են առարկաներ, իրեր, հիմնականում փաստաթղթեր: Զննության ընթացքում դրանք պետք է զննել, այսինքն՝ ակնադիտական եղանակով հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, մինչդեռ առանց զննելու վերցնում են թղթապանակը և դնում են իրենց փաթեթի մեջ»,-ասաց փաստաբանը՝ որակելով այս ամենը որպես գողություն:

«Սա առևտրային կազմակերպություն է, այստեղ կան առևտրային, բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, աշխատակիցների անձնական նոթատետրեր»,-նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ դրանց հասնելու համար քրեական դատավարական օրենսգիրքը կոնկրետ եղանակներ է նախատեսում:

«Քանի որ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն եղել, մարդիկ այս եղանակով օրենքը ոչ թե շրջանցել են, այլ ոտնատակ են տալիս: Այստեղ իրավունքի հետ ընդհանրապես կապ չունեցող գործողություններ են կատարվում: Սա աբսուրդ է: Քրեական գործ չկա, աշխատասենյակներից վերցվում է ամեն ինչ: Այսինքն՝ ընկերության գործունեությունն, այս պահից սկսված, փաստացի դադարեցված է»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իրավապահներն անգամ չգիտեն, թե ինչ են առգրավում:

«Փաստաթուղթը վերցնում, դնում են փաթեթի մեջ: Նույնիսկ չի համարակալվում դրանք, չի պարզվում, թե փաստաթղթի մեջ ինչ կա...»,- ասաց Ամրամ Մակինյանը:

3240 | 2
Facebook