Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ

12:15, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.
ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ

ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Կարագ» ապրանքային շուկայի ուսումնասիրության շրջանակում հարուցված վարչական վարույթի արդյունքում շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Սիթի» և նախազգուշացում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար:
     Վարույթի քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի շրջանառության ոլորտում «Սիթի» ընկերության դրսևորած վարքագիծը խտրական պայմաններ է սահմանել և մուտքի խոչընդոտներ է ստեղծել այլ տնտեսվարող սուբյեկտների համար: Մասնավորապես՝ «Սիթի» ընկերությունը երկու ընկերություններից ձեռք բերված կարագի համեմատ այլ ներմուծող և (կամ) արտադրող տնտեսվարողներից ձեռք բերված կարագներն իրացրել է խտրական պայմաններով՝ ավելի բարձր շահութաբերությամբ, առևտրային կետերի դարակաշարերում դրանք ներկայացրել է առավել փոքր քանակություններով, ինչն էլ հանգեցրել է այդ ապրանքների զգալի փոքր ծավալներով իրացմանը:
     Միաժամանակ արձանագրվել է, որ «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերության կողմից 2018 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի մեծածախ շրջանառության ոլորտում դրսևորված վարքագիծը խտրական մոտեցումներ է պարունակում մանրածախ շրջանառության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների նկատմամբ, ինչն ընկերության կողմից ապրանքատեսակների իրացման գների սահմանման հստակ չափանիշների բացակայության արդյունք է:
     «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը՝ սահմանելով հստակ չափանիշներ ապրանքների իրացման գների և այլ պայմանների վերաբերյալ, «Սիթի» ՍՊԸ-ին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը` սահմանելով հստակ չափանիշներ առևտրային ցանցում ապրանքների ընդունման, ցուցադրման, իրացման գների և այլ պայմանների վերաբերյալ:
     Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»:

| | |
1264 | 0
Facebook