Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Վանոն հաստատ չէր կարող լինել էդ ցանկում». Վասակ Դարբինյան

23:35, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
«Վանոն հաստատ չէր կարող լինել էդ ցանկում». Վասակ Դարբինյան

Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս մեկ անգամ՝ չափորոշիչների մասին

Գրառումներ եմ տեսնում ԿԳՄՍՆ չափորոշիչների վերաբերյալ, թե բա ինչու չկա Վանո Սիրադեղյանն էս նոր չափորոշիչներով գրականության ցանկում, որ պիտի կարդան մեր գալիք սերունդներն ու չհիմարանան ռոբոտների հետ մրցակցության մեջ մտնելիս...

Գրառումների հեղինակ ընկերներ, գրական ճաշակ ունեցող ու գրականության մասին շատ թե քիչ պատկերացում ունեցող համախոհներ, մի՞թե չհամոզվեցիք, մի՞թե պարզ չէ, որ ով ասես՝ կարող էր լինել, ով ասես՝ կարող էր չլինել, բայց Վանոն հաստատ չէր կարող լինել էդ ցանկում...

Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև էս չափորոշիչները ծնվել են կրավորական ուղեղներում, իբր քաղաքական նրբերագները չանտեսող, բայց քաղաքականությունից բոբիկ, ժամանակակից երևալ փորձող, բայց գրականության մասին քարացած ու ծանծաղամիտ պատկերացումներում, և արդեն սկսում եմ չկասկածել, որ բոլոր տաղանդավորների հայտնությունն այնտեղ պատահականություն է, բոլոր անտաղանդների ներկայությունը՝ օրինաչափություն... ԿԳՄՍՆ-ն փաստորեն հասավ իր նպատակին. կռիվը տեղափոխեց գրողների դաշտ: Ու հիմա երևի հրճվում է, թե ինչ կրքեր են բորբոքվել, ինչ ահեղ մարտեր են մոլեգնում ֆեյսբուքի պատերին, ոնց են գզվռտոց հրահրել մերձգրական շրջանակներում, այդ կերպ շեղելով ուշադրությունն անմիտ, անմշակ ու փնթի փաստաթղթից...

Ամենասկզբից էր հասկանալի, որ ժամանակակից գրողների անուններն ընդամենը սադրանք է այս փաստաթղթում, միմյանց միջև անառողջ նախանձ հրահելու միտումնավոր կամ ակամա խայծ, գրական չափանիշները ոտնահարելու ակնառու փաստ (ոչ մի խելքը գլխին պետական կառույց չէր կարող իրեն թույլ տալ էս աստիճանի կամայականություն կամ, եթե կուզեք՝ խտրականություն, քանզի ոմանց անունները նշելը և այլոց անուններ չնշելը, ուզես թե չուզես, խտրականություն է): Ու շատերն ընդառաջ գնացին սադրանքին. տարվեցին հայ ու համաշխարհային, դասական ու ժամանակակից գրողներին ներկա-բացակա անելու ժամավաճառությամբ՝ առանձնապես ուշադրության չարժանացնելով փաստաթղթի սնամեջությանն ու անգրագիտությանը...

Եվ արի ու տես՝ պնդաճակատությունը հերիքում է դիմանալ թուքումուրին, մարտնչողները ոնց որ դեռ կարողանում են ճանապարհ հարթել նախագիծը շպարելու, սաղացնելու և սղղացնելու համար:

Հ. Գ. Կրկնում եմ վաղօրոք արտահայտած պահանջս՝ գրականության դասավանդման չափորոշիչների ձախողված նախագիծը ոչ թե դզել-փչել, այլ ուղարկել գրողի ծոցը և ամեն ինչ սկսել նորից՝ այդ գործը վստահելով բացառապես բարձրակարգ մասնագետներին»:

| | |
2592 | 0
Facebook