Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Դրական եմ գնահատում այն հանգստությունը, որով ՀՀ հասարակությունն արձագանքում է Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսմանը»․ Հ․ Խուրշուդյան

04:20, հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
«Դրական եմ գնահատում այն հանգստությունը, որով ՀՀ հասարակությունն արձագանքում է Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսմանը»․ Հ․ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դրական եմ գնահատում այն հանգստությունը, որով Հայաստանի հասարակության գոնե այն մասը, որը իմ սոցիալական շրջապատում է, արձագանքում է Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսմանը։ Սա ես գնահատում եմ, որպես իմ համաքաղաքացիների քաղաքացիական հասունության և քաղաքական սառնասրտության դրսևորում, որը բանակի մարտունակությանը հավասարազոր արժեք է, քանի որ ապահովում է ցանկացած ռազմական գործողության պինդ թիկունք։ Հոգեբանորեն պատրաստ լինել պատերազմի նշանակում է չվախենալ դրանից և չընկրկել հակառակորդի ռազմական սպառնալիքների առջև, ինչը ցանկացած իրեն հարգող քաղաքական ազգի հատկանիշներից է։ Դա նաև ինքնին կանխարգելիչ նշանակություն ունի հակառակորդի համար ցանկացած ոտնձգությունից։

Խոսքն այստեղ բնավ պատերազմ ցանկանալու մասին չէ։ Ոչ մի նորմալ մարդ պատերազմ չի ցանկանում, առավել ևս Հայաստանը դրա կարիքը չունի։ Ասածս ընդամենը նշանակում է, որ մեր հասարակությունը հոգեբանորեն պատրաստ լինի պատերազմի, և, ինչն ամենակարևորն է՝ յուրաքանչյուրն իմանա իր անելիքը նման զարգացումների դեպքում։ Դա նաև նշանակում է, որ երկրի իշխանությունը կարող է վստահ լինել, որ անհրաժեշտության դեպքում կարող է դիմել նաև պատերազմը կանխելու կանխարգելիչ քայլերի, ընդհուպ, օրինակ, սահմաններին/շփման գծին մոտ տարածքներում հակառակորդի ռազմական տեխնիկայի կուտակումները ոչնչացնելուն ուղղված գործողություններին, վստահ լինելով, որ քաղաքացիները նրան կսատարեն այդ հարցում։

Ընդհանրապես, կարծում եմ՝ այսուհետ 1994թ․ զինդադարի ամրապնդման միջոցառումների մասին 1995-ին կնքած պայմանագիրը պետք է կյանքի կոչվի որոշ լրացումներով, որոնցով կարգելվի կողմերին սահմանից/շփման գծից որոշակի հեռավորության վրա X քանակից ավելի ռազմական տեխնիկայի որևէ կուտակում, հակառակ դեպքում, մյուս կողմի՝ դրանց ոչնչացմանն ուղղված ցանկացած գործողություն կհամարվի օրինական։

Միջադեպերի բացահայտման և հետաքննման մեխանիզմների մասին էլ չասեմ, քանի որ դրա մասին բազմիցս ասվում է ամենաբարձր մակարդակով»։

| | |
1846 | 0
Facebook