Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանն այս սադրանքին դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հաշված օրեր անց»․ ԱԳՆ խոսնակ

21:00, երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
«Ադրբեջանն այս սադրանքին դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հաշված օրեր անց»․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Հատկանշանական է, որ Ադրբեջանն այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը:

Միաժամանակ Ադրբեջանը հայտարարում է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակորեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստին: Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, ետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համար:

| | |
2332 | 0
Facebook