Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խայտառակ, փնթի աճպարարություն է». Արտակ Գալստյան

13:15, երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
«Խայտառակ, փնթի աճպարարություն է». Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Պարոն վարչապետ, այս տարվա բուհերի ընդունելիության քննությունները ՀՀ պատմության մեջ կմնան որպես ամենախայտառակ և ամենաանօրինական քննություններ:
     ԿԳՄՍ նախարարության ապօրինության և անօրինականության հետևանքով դրական միավոր ստացած, բայց չընդունված դիմորդների թիվը կազմեց 739 հոգի:
     Բայց այն, ինչ տեղի ունեցավ հետագայում, արդեն կարելի է որակել որպես խայտառակ, փնթի, իրավագիտությունից զուրկ աճպարարություն կամ հանցագործություն, ընդ որում՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ:
     Այսպես, բուհերի ընդունելիության քննությունների օրվա դրությամբ գործող «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում էր, որ բուհական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատվում և մինչև տվյալ տարվա ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ը, որից հետո դրանում որևիցե փոփոխություն արգելվում է:
     Այսինքն՝ իմպերատիվ կերպով օրենքը արգելել է 2020-2021 տարվա ընդունելության քննությունների ցանկի՝ կարգի փոփոխություն 2019թ-ի դեկտեմբերի 1-ից հետո:
     Սակայն ԿԳՄՍ նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացնում 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության քննությունների նոր ցանկը և ընդունելության նոր կարգը, որի արդյունքում ներմուծվում է առաջին հայտի գերակայության նոր կարգը և արդյունքում 739 բարձր բալեր հավաքած երեխա չնդունվեց բուհ:
     Միանգամից նշեմ, որ Կառավարության սույն որոշումն անվավեր է, քանի որ հակասում է իրենից բարձր իրավաբանական ուժ ունեցող «Կրթության մասին» օրենքին, որից էլ բխում է, որ անվավեր կառավարության որոշման հիմքով անցկացված ընդունելության քննությունները նույնպես անվավեր են:
     Հավելենք, որ ԿԳՄՍ սույն գործողության արդյունքում, փաստացի վատնվել են պետական միջոցներ, որոնք վերջնական արդյունքում չունեցան ոչ մի արդյունք, չծառայեցին իրենց նպատակին: ԿԳՄՍ այս արարքը քրեօրեն պատժելի է և նախատեսված է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով:
     Սակայն ԿԳՄՍ հանցանքը սրանով չի ավարտվում, ավելին՝ նրանք այս խայտառակությանը հանցակից են դարձնում Կառավարությանը և ԱԺ-ին:
     ԿԳՄՍ գործիչները, հասկանալով որ օրենք են խախտել և պատասխանատվությունից խուսափելու նպատակով ընդունելության քննություններից հետո, հուլիսի 25-ին, փոփոխում են «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը, նրանում ավելացնում են, որ իրավունք ունեն դեկտեմբերի 1-ից հետո փոփոխել հաստատված ընդունելության քննությունների ցանկը՝ կարգը, եթե դա պայմանավորված է արտակարգ կամ ռազմական դրությամբ և որպեսզի լրիվ օրինականացնեն իրենց հանցանքը, դրա ազդեցությունը տարածում են 2020թ-ի մարտի 16-ից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:
     Դրանով էլ խախտում են ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին կետը, այն է անձի վիճակը վատթարացնող օրենքին տալիս են հետադարձ ուժ:
     Այստեղից էլ բխում է, որ անվավեր է նաև 2020թ-ի հուլիսի 25-ին «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետում կատարված փոփոխությունը, քանի որ հակասում է սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին կետին:
     Այլ կերպ ասած՝ առերևույթ կատարում են պաշտոնեական դիրքի չարաշահում:
     Փաստացի՝
     1. բարձր միավորներ ունեցող դիմորդները դուրս չեն մնացել (առաջին հայտի գերակայության նոր կարգն ուժ չունի),
     2. ընդունելության քննությունների արդյունքներն առհասարակ անվավեր են,
     3. պետք է հարուցվի քրեական գործ և իրավական գնահատական տրվի վերը նշված առերևույթ հանցանք կատարած ԿԳՄՍ աշխատակիցներին,
     4. պետք է վերականգնվեն բարձր բալեր ստացած և բուհ չնդունված ուսանողների իրավունքը:
     Պարոն վարչապետ, պետական միջոցները վատնած, 739 դիմորդի շահերը ոտնահարած, առերևույթ հանցագործություն կատարած, ԿԳՄՍ որոշ աշխատակիցներ պատասխան կտա՞ն թե՞ ոչ:
     Հ.Գ. Խոսքս ուղղում եմ բարձր բալեր ստացած և բուհ չընդունված դիմորդներին: Դատարանով ընդունելության քննությունները կճանաչվեն անվավեր և կգործի հին կարգը: Ընդամենը պետք է, որ շահագրգիռ անձը՝ դիմորդը դիմի դատարան»:

6710 | 2
Facebook