Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին սրվում են. կա 16 զոհ. #WashingtonPost

00:50, չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ.
Ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին սրվում են. կա 16 զոհ. #WashingtonPost

Հայ-ադրբեջանական զորքերը երեքշաբթի օրը մարտեր են մղել ծանր հրետանային և անօդաչու թռչող սարքերով, ինչի արդյունքում երկու կողմում էլ զոհվել է առնվազն 16 մարդ՝ ներառյալ ադրբեջանցի գեներալը։
     Երկու երկրների սահմանին փոխհրաձգություն է սկսվել կիրակի օրը։ Ադրբեջանը հայտարարել է, որ 3 օրվա մարտերի ընթացքում կորցրել է 11 զինծառայող և մեկ քաղաքացի, իսկ Հայաստանը երեքշաբթի տվել է 4 զոհ։
     Երկու երկրների պաշտոնատար անձինք միմյանց են մեղադրել մարտական գործողություններ սկսելու մեջ և հայտարարել, որ հակառակորդի հրետակոծությունները շարունակվում են։
     Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ բարձրաստիճան սպաներ՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը, հինգ զինծառայողների հետ, սպանվել են երեքշաբթի օրը մղված մարտերում:
     Հայ պաշտոնյաները պնդում են, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը գրոհ են իրականացրել Տուվուշ մարզի Բերդ քաղաքի վրա՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները: ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարել է, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել է: Ստեփանյանը նաև հավելել է, որ ադրբեջանի զինված ուժերը որպես վահան են օգտագործել խաղաղ բնակիչներին՝ հրետանային զենքը տեղադրելով Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու գյուղի մոտակայքում ՝ սահմանից մոտ 10 կմ (վեց մղոն) հեռավորության վրա:
     «Ադրբեջանական կողմն իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ թիրախ դարձնելով նրանց, իսկ հետո բողոքել է, որ հայկական զորքերը կրակել են այդ ուղղությամբ»,- Facebook-ում ասել է խոսնակը և տեղադրել գյուղի շուրջ տեղակայված՝ ադրբեջանական հրետանու լուսանկարները:
     Ադրբեջանական կողմը հերքել է անօդաչու սարքի կորստի լուրը և իր հերթին պնդել, որ սեփական ուժերն են ոչնչացրել հայկական ԱԹՍ-ը և հրետանային համակարգը՝ իր անձնակազմով։
     Հայկական կողմը նաև մեղադրել է Ադրբեջանին՝ ՀՀ կառավարական կայքերի վրա կիբեր հարձակման մեջ։
     Երկուշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին բախումներ հրահրելու մեջ և նախազգուշացրել, որ նա «պատասխանատվություն կկրի անկանխատեսելի հետևանքների համար»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է հայտարարությունը՝ որակելով այն որպես «Հայաստանի հերթական սադրանք» և երդվել պաշտպանել Ադրբեջանի ազգային տարածքը:
     Թուրքիան հակամարտության մեջ, իր աջակցությունն է հատնել Բաքվին։
     ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք համանախագահում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խումբը, փորձել են բանակցություններ վարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, դատապարտել են բռնությունները և կոչ արել զսպվածություն ցուցաբերել:
     Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրն առանձին բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը:
     Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի հայտարարել է, որ Մոսկվան «խորապես մտահոգված է» մարտական գործողություններով և պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ:
     Անհանգստություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկն իր հայտարարության մեջ ասել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը «համառորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, հորդորում է դրանցում ներգրավված բոլոր անձանց՝ անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կարգավորման ուղղությամբ և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից»:

42444 | 0
Facebook