Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի սադրանքը լուրջ նախապատրաստված էր». Արման Աբովյան

17:40, երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.
«Ադրբեջանի սադրանքը լուրջ նախապատրաստված էր». Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն մի թվիթ է հրապարակել, որտեղ հայտարերել է, որ Թուրքիան պատրաստ է իրեն զոհաբերել հանուն Ադրբեջանի։ Հըմ, ինչ ասեմ, կարծում եմ` մենք միայն համաձայն ենք, որ Թուրքիան իրեն զոհաբերի, իսկ հանուն ինչի՞ կամ ո՞ւմ, դա արդեն իրենց նախապատվության խնդիրն է, իսկ եթե լուրջ, ապա Թուրքիայի այս դիրքորոշումը մեզ համար գաղտնիք չէ։ Շատ կարևոր մի պահ ևս. արդեն համոզված եմ, որ Ադրբեջանի սադրանքը Տավուշում բավականին լուրջ նախապատրաստված էր՝ նվազագույնն իրենց դաշնակիցների շատ սինխրոն հակահայկական արձագանքից դուրս գալով։ Երեկ բավականին շատ էին տարատեսակ արտասահմանյան ադրբեջանամետ «քաղաքագետների» կարծիքները ռուսալեզու և անգլալեզու տիրույթում, որոնք բավական ակտիվ տարածում էին Տավուշում կատարվող իրադարձությունների ադրբեջանական տեղեկատվական ստերը։ Սա իրականում խնդիր է, որն անպայման պետք է լուծվի, եթե մենք չենք ուզում մոտ ապագայում բախվել լուրջ խնդիրների արտաքին ճակատում։

Կարծում եմ, որ Ադրբեջանը չի դադարի սադրանքները և կրկին կփորձի լարել իրավիճակը թե՛ Հայաստանի սահմանային գոտում, և թե՛ արցախյան ուղղությամբ։ Համենայն դեպս, ազերիների դիվանագիտական գործողությունների տրամաբանությունը թելադրում է այդպիսի զարգացումներ։

Հիշեցնեմ, որ Ադրբեջանն, իմ կարծիքով, իրականացնում է իր ավանդական «շեղելու» քաղաքականությունը, հուսով եմ՝ նկատել եք, որ հենց Ադրբեջանում հասունանում է ներքին սոցիալական լարվածությունը, ապա անմիջապես լարվում է իրավիճակը Հայաստանի և Արցախի սահմաններին։ Սակայն պետք չէ անտեսել նաև այն փաստը, որ մեր տարածաշրջանում բավական բարդ իրավիճակ է, և այս լարվածությունը հնարավոր է «մեծ խաղի» էլեմենտներից մեկն է, որն իրականացվում է Ադրբեջանի ձեռքերով։ Հիմա շատ կարևոր է շատ ուշադիր վերլուծել բոլոր գործոնները և շտապ համապատասխան հետևություններ անել»:

3918 | 0
Facebook