Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսպիսի մտահորիզոնով եթե շարունակենք, մի օր կարող է Սբ. Էջմիածնի կողքին էլ մինարեթներ հառնեն»․ Հայկ Մարտիրոսյան

09:50, շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ.
«Այսպիսի մտահորիզոնով եթե շարունակենք, մի օր կարող է Սբ. Էջմիածնի կողքին էլ մինարեթներ հառնեն»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այա Սոֆիան, անշուշտ, համաշխարհային մշակութային կոթող է, որի գմբեթը հայ ճարտարապետ է վերակառուցել։ Բայց այն ուղղափառության կենտրոնական և պատմական հուշարձանն է, իսկ հայերը, որքան էլ ոմանք սխալաբար կարծեն` ուղղափառ չեն։ Ընդհակառակն` քաղկեդոնական ուղղության ամենաոխերիմ հակառակորդներից է մեր եկեղեցին և քաղկեդոնական կոթողի մասին կարող են նախևառաջ քրիստոնեական ուղղափառ եկեղեցիները մտահոգվել։

Մեզ պետք է մտահոգի երկու այլ հանգամանք.

Ա. Այդ ինչպե՞ս է, որ մենք մեր երկրի` մեր վերահսկողության տակ գտնվող գրեթե բոլոր հուշարձաններն ենք ծայրահեղական սալաֆիստների պես ավերում, բայց ողբում Հայաստանի երբեմնի հակառակորդի և կեղեքիչի` Բյուզանդիայի գլխավոր սրբատեղիի երկրորդ անկումը, և հետո`

Բ. Այդ ինչպե՞ս է պատահում, որ Այա Սոֆիայի մզկիթացման փոխակերպումը, որն արտահայտությունն է հարևան երկրի կողմից` Արևմուտքին և ընդհանրապես քրիստոնեական քաղաքակրթությանն ու մշակույթին նետվող քաղաքական մարտահրավերի, որն, իր հերթին` նոր նվաճողականության ծիծեռնակի դեր է կատարում, Երևանում` ինչ-որ անգրագետներ դպրոցական ինչ-որ տեքստ են գրում և տալիս իրենց խմբակի առաջնորդին կարդալու, որում խոսվում է քաղաքակրթական կոնֆլիկտները մերժելու և քաղաքակրթությունների երկխոսության կամուրջ դառնալու մարմաջի մասին։

Արդյո՞ք այդ աստիճան հիմարացած ենք մենք որպես հասարակություն, որ տարածաշրջանում ահագնացող քաղաքական-քաղաքակրթական հրդեհի պայմաններում խոսում ենք շոտլանդական կանաչ մարգագետիններից և կապուտակ շվեյցարական լճերից` զուգահեռաբար ցավալով ոչ թե մի ամբողջ քրիստոնեական սիմվոլի վերանվաճման և դրանով աշխարհին` այդ թվում և մեզ նետվող ձեռնոցի իրական ու խորքային իմաստի և ուղերձի, այլ` շենքի նշանակության փոփոխության համար...

Այսպիսի մտահորիզոնով, այսպիսի առաջնորդով ու աշխարհընկալմամբ եթե շարունակենք` մի օր կարող է և Սբ. Էջմիածնի կողքին էլ մինարեթներ հառնեն։ Որովհետև նա, ով արյան դրոշին ի պատասխան մարտադաշտ է դուրս գալիս խաղաղության ծխամորճով, անվտանգության խորհրդի հատուկ նիստը վերածում տերպետրոսյանական պացիֆիզմի` համեմված ազգային թվացող, բայց դարձյալ խաբելուն ուղղված կեղծ հայրենասիրությամբ, ոչ թե հաղթանակի մասին է մտածում, այլ` մարտադաշտից փախուստի»։

4080 | 0
Facebook