Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արմավիրի մարզպետարանի պարզաբանումը՝ Եղեգնուտում ստեղծված իրավիճակի շուրջ

11:00, երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.
Արմավիրի մարզպետարանի պարզաբանումը՝ Եղեգնուտում ստեղծված իրավիճակի շուրջ

Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է տարածել

Եղեգնուտ համայնքում ստեղծված իրավիճակի մասին. «ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի կողմից համայնքի ավագանուն 2018 թվականի հուլիսի 2-ին ներկայացված հրաժարականի դիմումի հիմքով ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287որոշմամբ Ռազմիկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287 որոշումը Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան: Դատարանում, մարզպետի կողմից տրված համապատասխան լիազորագրի հիման վրա մարզպետարանի շահերը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով: Ռազմիկ Մարգարյանի կողմից ներկայացված բողոքի արդյունքում թիվ ՎԴ/9071/05/18 վարչական գործով, ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի փետրվարի 6-ի վճռով Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի (երրորդ անձ Ռազմիկ Մկրտչյան)` մերժվել է: Ռազմիկ Մարգարյանի կողմից նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` ՀՀ վարչական դատարանի 06.02.2019 թվականի վճիռը` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու և այդ դատական ծախսերը բաշխելու մասով բեկանվել է և փոփոխվել՝ կայացվելով նոր դատական ակտ:

Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի (երրորդ անձ` Ռազմիկ Մկրտչյան)` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին բավարարել` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը ճանաչել անվավեր:
     Վճիռը բողոքարկված և չբեկանված մասով թողնվել է անփոփոխ: Նշված որոշումն ինչպես ՀՀ Արմավիրի մարզպետի ներկայացուցչի, այնպես էլ գործով երրորդ անձ Ռազմիկ Մկրտչյանի ներկայացուցչի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 2020 թվականի հունվարի 22-ի որոշումներով նշված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:

Գործով առկա են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի ապրիլի 23-ի և մայիսի 22-ի համապատասխանաբար թիվ ԴԴ8.1-4423/20 և թիվ ԴԴ-9/7005 գրությունները, որոնցով ներկայացվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի ապրիլի 20-ի թիվ ՎԴ/9071/05/18 վարչական գործով «Որոշումը պարզաբանելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին», «Կատարողական թերթ տալու մասին դիմումը մասով մերժելու մասին», ինչպես նաև «Դիմումը մերժելու մասին» որոշումները:

Այս ողջ ժամանակահատվածում ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանի կոմից բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ռ. Մկրտչյանի, ավագանու անդամների մեծամասնության, այնպես էլ գործով հայցվոր Ռ. Մարգարյանի հետ: Մարզպետի հանձնարարությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի համապատասխան աշխատակիցների կողմից քննարկվել և գործով շահագրգիռ անձանց են ներկայացվել համապատասխան պարզաբանումներ` նրանց կողմից բարձրացված հարցերի առնչությամբ: Եվ, ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանը, չնայած իր հայեցողական լիազորության, այդուհանդերձ, սկսած պաշտոնավարման օրվանից, որպես հավասարակշռության գրավական, Եղեգնուտ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի փոփոխություն չի իրականացրել:

Ավելին՝ ներկայացված ժամանակահատվածում, համապատասխան պարզաբանում ստանալու խնդրանքով ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից 2020 թվականի մայիսի 11-ին ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել N01/13/02786-2020 գրությունը, որի վերաբերյալ նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հունիսի 5-ի N10.1/11887-2020 գրությամբ տեղեկացվել է, որ խնդրի վերաբերյալ դիրքորոշումը 2020 թվականի մայիսի 18-ի թիվ /10.1/10478-2020 ելից գրությամբ ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Որից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 11-ի NՍՊ/14.1/15486-2020 գրությամբ էլ ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը, համաձայն որի` Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու օրենքով սահմանված կարգը չի պահպանվել:

Գործով առկա է նաև ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի մայիսի 17-ի թիվ ՎԴ/10359/05/18 վճիռը, որով Ռազմիկ Արամայիսի Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի՝ մարզպետի, երրորդ անձ՝ ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի օրինական ընտրված և գործող համայնքի ղեկավարին՝ Ռազմիկ Մարգարյանին, համայնքի կլոր կնիքը, համայնքի վարչական շենքի և նրա աշխատասենյակի բանալիները վերադարձնելու գործողություն կատարելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին մերժվել է, որն էլ Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան և 2020 թվականի մայիսի 29-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, սակայն դեռևս դատական նիստի օր որոշված չէ:

ՀՀ Արմավիրի մարզպետի 2020 թվականի հունիսի 22-ի NՄՈ/203-2020 որոշմամբ անվավեր է ճանաչվել մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N278 որոշումը:

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, իսկ 6-րդ հոդվածի դրույթների համաձայն, որպես օրինականության սկզբունք, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 162-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան և Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն` նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` եզրափակիչ դատական ակտը դատարանը կայացնում է Հայաստանի Հանրապետության անունից: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար: Իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար: Հետևաբար, վերոհիշյալ սահմանադրական և օրենսդրական իրավակարգավորումներից բխում է, որ մարզպետը իր լիազորությունները և դրանից բխող գործողություններն իրականացրել է սահմանված կարգին համապատասխան, մարզպետն իրավասու չէր չկատարելու դատարանի կողմից ընդունված դատական ակտը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ այս ողջ գործընթացին զուգահեռ ՀՀ Արմավիրի մարզպետի անմիջական աջակցությամբ Եղեգնուտում իրականացվել են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ, մասնավորապես`

2020 թվականին Եղեգնուտ համայնքը ներկայացրել է երկու սուբվենցիոն ծրագիր.

1. Եղեգնուտ համայնքի կենտրոնական 1-ին, 3-րդ, 5-րդ փողոցների և միջփողոցային ճանապարհների ասֆալտապատում

Ծրագիրը քննարկվել և արդեն իսկ հավանության է արժանացել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 174 մլն 631.0 հազ. դրամ (ծրագրի արժեքի մեծությամբ 3-րդն է), որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 78 մլն 583.95 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 96 մլն 047.05 հազ. դրամ:

2. Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում և ընդլայնում /դեռևս քննարկման փուլում է/

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 13 մլն 471.4 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 13 մլն 471.4 հազ. դրամ:

2020թ. Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Եղեգնուտ համայնքում նախատեսվում է իրականացնել ներտնտեսային ոռոգման համակարգի վերականգնման ծրագիր՝ շուրջ 14.3 մլն դրամ արժեքով:

2019թ. ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակում և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվել են Եղեգնուտ համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ։

Կասկածի տակ դնելով համայնքի զարգացմանն ուղղությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերը` նշանակում է մերժել համայնքի առաջընթացը:

Ելնելով վերոգրյալից` կոչ ենք անում համայնքի բնակչությանը դրսևորել հանդուրժողականություն, հավասարակշռվածություն և բարձր պատասխանատվություն` համայնքում իրականացվող ծրագրերի շուրջ համախմբվելու համար: Անհրաժեշտ է, որ մենք բոլորս, հատկապես` տեղական ինքնակառավարման մարմինը` ի դեմս համայնքի ավագանու, ճշմարտացիորեն բացատրական աշխատանք տանի բնակչության հետ` ստեղծված իրավիճակը մեղմելու համար: Ավագանին, որպես ներկայացուցչական մարմին, պետք է ապահովի համայնքում հասարակության անդորրը:

ՀՀ Արմավիրի մարզպետարանը, որպես տարածքային կառավարման քաղաքականություն իրականացնող մարմին, ինչպես մարզի մյուս համայնքներում, այնպես էլ Եղեգնուտում գործում է օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վեապահված լիազորությունների շրջանակներում:

Հավատացած եղեք, որ համայնքում անհրաժեշտ հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի դրսևորումները համայնքում կնպաստեն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացմանը և ոլորտում օրինականության հաստատմանն ու պահպանմանը»:

3184 | 0
Facebook