Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարակվածության թվերը մնում են բացարձակ առումով մեծ». Արսեն Թորոսյան

18:30, երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.
«Վարակվածության թվերը մնում են բացարձակ առումով մեծ». Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ օրական արված թեստերի մոտ 30 տոկոսն է դրական լինում:

«Սա լավ է այն իմաստով, որ աճ չկա, սակայն վատ է այն իմաստով, որ այդ թվերը մնում են բացարձակ առումով մեծ: Մեր խնդիրը մնում է նույնը` շարունակել իրականացնել նույն գործողությունները, որպեսզի նաև բացարձակ թվերով ունենանք անկում»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նա հայտնեց, որ երեկվա դրությամբ մահճակալային ֆոնդը հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են` մեծ մասը հագեցած թթվածնային կենտրոնական մատակարարումով կամ թթվածնային կոնցենտրատորներով, իսկ մոտ 300-ը վերակենդանացման բաժանմունքի համար նախատեսված մահճակալներն են:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ այժմ 650 ծանր և ծայրահեղ ծանր բուժառու (պացիենտ) կա, որոնցից 47-ը միացված են թոքերի արհեսատական շնչառության սարքերին:

Ինչ վերաբերում է տան պայմաններում բուժվողներին, Թորոսյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ չկան բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն:

Նախարարը հայտնեց, որ պարետի կողմից սահմանված կանոնները նպաստել են, որ վարակը շատ չտարածվի. «Դիմակների՝ մեր կողմից հարաբերականորեն պատշաճ կրումը, մեզ մոտ էլ է ապացուցվել, որ էֆեկտիվ են: Եթե այդպես չլիներ, ապա մենք ունենալու էինք ոչ թե 500, 600 դեպք, այլ շատ ավելի շատ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

4485 | 0
Facebook