Հնդկաստանի բնակիչը սեփական հարսանիքի ժամանակ կորոնավիրուսով է վարակել ավելի քան 100 հյուրի և մահացել մի քանի օր հետո: Այս մասին հայտնում է The Indian Express-ը՝ նշելով, որ վերոնշյալ միջոցառումն ամենամեծ օջախն է դարձել Բիհար նահանգում:
Հարսանիքը տեղի է ունեցել հունիսի 14-ին Փալիգանջ քաղաքում: 30-ամյա փեսացուն Փալիգանջ է եկել Գուրգաոն քաղաքից, որտեղ աշխատել է:
Սկզբնական շրջանում փեսացուն իրեն լավ է զգացել, սակայն հարսանիքի նախօրեին ինքնազգացողությունը վատացել է, բարձրացել է ջերմությունը: Նա առաջարկել է հետաձգել հարսանիքը, սակայն երկու ընտանիքի մեծահասակները թույլ չեն տվել` պարզաբանելով, որ ֆինանսական մեծ կորուստներ կունենան: Արդյունքում հարսանիքը տեղի է ունեցել նախանշված օրը, որին ներկա է եղել 350 հյուր:
Հարսանիքից 2 օր անց, փեսացուի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին 30-ամյա տղամարդը մահացել է:
Դեպքից հետո թեստավորել են միջոցառմանը մասնակցած բոլոր հյուրերին: 113 մարդու թեստի պատասխան դրական է եղել: Նրանցից շատերը վարակել են նաև այլ մարդկանց:
Հնդկաստանում պանդեմիայի սկզբից արձանագրվել է մոտ 600 հազար վարակված, շուրջ 18 հազարը մահացել է: