Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

Իրադարձություններ

Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է 15 տարվա արդյունքները. հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն

21:00, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է 15 տարվա արդյունքները. հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է իր գործունեության 15 տարվա արդյունքները: Գործունեության հիմնական ձեռքբերումներն ու դրանց հիմքում ընկած արժեքները ներկայացված են ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ֆեյսբուքյան տեսաուղերձում, ինչպես նաև՝ ընկերության յութուբյան պաշտոնական էջում:

Վիվա-ՄՏՍ-ն անցել է մարտահրավերներով հարուստ ուղի՝ իր բջջային հզոր ցանցը հասանելի դարձնելով բնակչության 99.8%-ին: Տարիների ձեռքբերումները շոշափելի են հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում առաջինն է գործարկել ինչպես երրորդ սերնդի (3G) համահանրապետական ցանցը, այնպես էլ՝ չորրորդ սերնդի (4G) ցանցը 2010-ին` Հայաստանն ընդգրկելով 4G ցանց ունեցող պետությունների առաջին տասնյակում, ինչը կարևոր քայլ էր աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա երկրի դիրքն ամրապնդելու ու միջազգային հեղինակությունը բարձրացնելու հարցում: Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առաջատար, Վիվա-ՄՏՍ-ը նաև իրականացնում է ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, ներառյալ՝ Հայաստանում ստարտափ ընկերությունների զարգացմանն աջակցելը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն (ԿՍՊ) առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Վիվա-ՄՏՍ-ի առաքելության մեջ: 15 տարվա ընթացքում ընկերությունն իրականացրել է շուրջ 29 միլիարդ դրամի սոցիալական ներդրում՝ հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում: ԿՍՊ շրջանակում ընկերությունը նաև կիրառում է նորարարական լուծումներ, մասնավորապես՝ մարզերում, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում ներդնելով այլընտրանքային էներգիայով սնվող՝ լուսավորության ու ջեռուցման ժամանակակից ու ծախսարդյունավետ համակարգեր:

Վիվա-ՄՏՍ-ն ունի ինքնատիպ դիմագիծ. այն ազգային մտածելակերպով տեխնոլոգիական ժամանակակից ընկերություն է: Ֆեյսբուքյան տեսաուղերձում Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է այն հիմնական արժեքները, որոնք թույլ են տվել ամուր հիմքերի վրա դնել ընկերությունն ու ապահովել հետագա զարգացումը: «Վիվա-ՄՏՍ-ի ցանցը կառուցվել է զրոյից, ու թերևս դա է պատճառը, որ մեր թիմն այսքան կուռ ու համերաշխ է, մեկս մյուսին հասկացող, ու մեր հավաքական կամքը՝ այսքան զորեղ: Ուժեղ թիմն ուժեղ անհատների, զրոյից արժեք ստեղծած ու կայացած մասնագետների ամբողջությունն է՝ մեր ամենամեծ արժեքը: Մենք ընտանիք ենք. մենք հոգ ենք տանում միմյանց համար, միասին ուրախանում ենք, միասին՝ տխրում, իրար ներում ենք ու ներում հայցում, ինչպես ցանկացած ամուր ընտանիքում: Մենք միասին ենք կայացել ու կայանում, միմյանցից ենք սովորել ու սովորում, մենք մարդիկ ենք, ովքեր միասին երկար ճանապարհ են անցել, միմյանց ձեռք մեկնել, միմյանց ճանաչել: Ու մեր սիրելի բաժանորդների հետ միասին, մենք մեծ ուժ ենք»,- նշել է գլխավոր տնօրենը: 2005 թվականին մուտք գործելով շուկա՝ Վիվա-ՄՏՍ-ն արմատապես փոխեց տարիներ շարունակ գոյություն ունեցող իրավիճակը. Հայաստանում վերացավ մենաշնորհը բջջային կապի ոլորտում: Բջջային կապը դարձավ լիովին հասանելի: Ապահովվեց մրցակցային առողջ միջավայր ու ընձեռվեց օպերատորի ընտրության հնարավորություն: Թողարկվեցին հետվճարային ու կանխավճարային քարտեր, կորպորատիվ լուծումներ՝ մեծ, միջին ու փոքր ձեռնարկությունների համար: Մարդիկ ստացան անկաշկանդ շփվելու հնարավորություն՝ մատչելի սակագներով: Բջջային կապի հիմնական կայաններ տեղադրվեցին ամենահեռավոր ու քիչ բնակեցված գյուղերում, բարդ ռելիեֆ ունեցող վայրերում՝ հաճախ անտեսելով բիզնեսի ամենակարևոր՝ ներդրումների վերադարձելիության սկզբունքը:
     «Մենք եղել են Վիվասել, դարձել ենք Վիվա-ՄՏՍ: Միջուկը Վիվան է, հայի կողմից ստեղծված արժեքը, որն ունի հայկական ինքնություն, հայեցի մտածելակերպ, հայկական ոգի: Վիվա-ՄՏՍ-ը կայացած կառույց է, աշխատասեր հայ մարդու զգացմունքի, կամքի, եռանդի, ստեղծագործ մտքի մարմնավորում», - նշել է ընկերության գլխավոր տնօրենը:

Վիվա-ՄՏՍ-ն այսօր արդեն ունի ավելի քան 2 միլիոն բաժանորդ: Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ ընկերությունը դեռ շատ երիտասարդ է ու շատ խոստումնալից: Գլխավոր տնօրենն առանձնահատուկ նշել է բաժանորդների մեծ ներդրումն ընկերության՝ հաջողությունների հասնելու հարցում: «Մեր հաջողություններով պարտական ենք ձեզ, հարգելի բաժանորդներ: Ձեր վերաբերմունքը՝ հավատարմությունն ու վստահությունը, համակրանքն ու քննադատությունը, գնահատանքն ու պահանջկոտությունը, օգնել են, որպեսզի մենք դառնանք այն, ինչ այսօր կանք: Հայ մարդն է նպաստել 15-ամյա այս պատանու՝ Վիվա-ՄՏՍ-ի կայացմանն ու զարգացմանը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի ձեռքբերումները բազմաթիվ են տեխնոլոգիաների, նորարարական առաջարկների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ISO միջազգային մի շարք ստանդարտների համապատասխանության առումով: Ընկերության հիմնական ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ ըստ տարիների, ներկայացված են Youtube-յան տեսանյութում:

«Կայացած ապրանքանիշեր ունենալը չափազանց կարևոր է 21-րդ դարում: Հոգևոր մշակույթի, արվեստի նվաճումների հետ մեկտեղ, քաղաքակիրթ աշխարհն այսօր գնահատում է ազգերի ստեղծած տնտեսական արժեքը ևս, և Վիվա-ՄՏՍ-ն, իրավամբ այդ արժեքներից մեկն է», - եզրափակել է Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ը նոր բարձունքների է հասել նաև գործարար կառավարման ոլորտում: Կոտրելով կառավարման ավանդական կարծրատիպերն ու հիմնվելով համաշխարհային հարուստ փորձի վրա՝ ընկերությունն ստեղծում է նորը՝ արտադրողականության հայկական ուրույն մոդելը:

Խիստ մրցակցության պայմաններում բջջային կապի շուկայի մոտ 59% մասնաբաժին պահպանող Վիվա-ՄՏՍ-ն ունի ռազմավարական զարգացման առանձնահատուկ մոդել: Ներկայում ընկերությունը փոխակերպման (digital transformation) փուլում է՝ հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն, որի գործառույթների շրջանակը շատ ավելին է, քան հեռահաղորդակցային ծառայությունների տրամադրումը: Դա համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին, ինչպես նաև՝ բաժանորդների աճող կարիքներին ու ակնկալիքներին: Ըստ այդմ՝ Վիվա-ՄՏՍ-ն այսօր շուկայում առաջարկում է մի շարք խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ՝ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար, և այլն:

15 տարի …. Շնորհակալություն, որ մեզ հետ եք:

| | |
2575 | 0
Facebook