Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միանում ենք անշարժ գույքի հարկի փոփոխությունները չեղարկելու պահանջին». հայտարարություն

10:30, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
«Միանում ենք անշարժ գույքի հարկի փոփոխությունները չեղարկելու պահանջին». հայտարարություն

Սասնա Ծռեր համահայկական շարժումը հայտարարություն է տարածել. «Միանում ենք անշարժ գույքի հարկի փոփոխությունները չեղարկելու պահանջին

2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ կարգով ընդունել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Այդ օրենքով էապես մեծացվել են անշարժ գույքի հարկի հաշվարկային չափերը, ինչը համացանցում բուռն և կրքոտ քննարկումների առիթ է դարձել:

Անշարժ գույքի շուկան համակարգաստեղծ նշանակություն ունի տնտեսության համար, ուստի այդ շուկայում նոր կարգավորումները շոշափում են անխտիր բոլոր ՀՀ քաղաքացիների տնտեսական շահերը և հասարակական-մշակութային կարգավիճակը:

Անգամ տնտեսական առողջ վիճակ և հանրային համերաշխության բարձր մակարդակ ունեցող երկրներում նման օրենսդրական փոփոխություններին նախորդում են լայն հասարակական քննարկումներ, ինչը երաշխավորում է տարբեր շահառուների իրավունքների հավասարակշռված պաշտպանվածությունը և հասարակությանը հեռու է պահում կոռուպցիոն ռիսկերից ու անհարկի ցնցումներից: Մեր պարագայում, նկատի ունենալով նախկինից ժառանգած սոցիալական անհավասարության ու բևեռացվածության բարձր և սոցիալական վստահության ցածր մակարդակները, նման հասարակական քննարկումները պետք է տեղի ունենային համեմատական հետազոտությունների վրա հիմնված տնտեսական, քաղաքաշինական, սոցիոլոգիական, ժողովրդագրական, ներգաղթային և մշակութային ռազմավարությունների փոխկապված նպատակների լայն համատեքստում, այլ ոչ թե ընդամենը հիմնավորվեին կառավարության առաջարկությամբ շրջանառվող՝ բյուջե լցնելու նեղ ու մասնակի նպատակով:

Եթե նկատի առնենք, որ մեր պարագայում այդպիսի հետազոտություններ և քննարկումներ չեն եղել, այդու՝ հաշվի չեն առնվել փոխլրացնող ռազմավարական նպատակները, ինչպես նաև անտեսվել է համավարակի հետևանքով ստեղծված առողջապահական ու տնտեսական ճգնաժամի պայմաններում առնվազն առաջիկա մի քանի տարիների համար ստեղծվող անհայտներով լեցուն տնտեսաքաղաքական հեռանկարը, ապա ակնհայտ է դառնում, որ հարաբերությունների այսպիսի բարդ համալիրին առնչվող նման օրենքն օրակարգ բերելը վաղաժամ և չմտածված ձեռնարկում է:

Կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանափակում է քաղաքացիների մի շարք հիմնարար իրավունքներ, ինչը նրանց զրկում է դիտարկվող օրենքով սահմանվող փոփոխությունների նկատմամբ իրենց վերաբերմունքն ազատորեն արտահայտելու հնարավորությունից: Միանում ենք հանրային պահանջին, որը ենթադրում է.

1. չեղարկել դիտարկվող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև կասեցնել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ու փոխկապված այլ իրավական ակտերի համապատասխան մասերի գործողությունը,

2. խնդրին անդրադառնալ արտակարգ դրության ավարտից հետո՝ հետազոտական հիմնավորված հենքի վրա հանրային քննարկումների կազմակերպմամբ:

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

30 հունիս 2020թ., Երևան»:

8281 | 1
Facebook