Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցավում եմ, որ հասել ենք այս տխուր վիճակին». Թևան Պողոսյան

03:05, երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ.
«Ցավում եմ, որ հասել ենք այս տխուր վիճակին». Թևան Պողոսյան

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցավում եմ, որ հասել ենք քաղաքական-սահմանադրական-իրար հասկանալու այս տխուր վիճակին: Պառլամենտում բոյկոտներ ու կոշտ հակադարձումներ, հանրային խոսքում` իրար պիտակավորում, բզկտում կամ մարդկային իմաստով միմյանց ոչնչացնում, համաճարակի դեմ միասնական պայքարի տեղը կամ ազգային օրակարգի առաջնահերթությունների համատեղ որոշման փոխարեն ունենք այլ, չգիտես՝ ինչ օրակարգեր։

Էլի եմ ասում: Երբեք մի վախեցեք բանակցելուց։ Իսկ թե ում հետ եք պատրաստ բանակցել, կախված է ձեր արժեքներից, ազգայինի ձեր պատկերացումներից, սիրո ընկալումից ու հենց հային խաղաղություն բերելու մոտիվացիայից:

Պարբերաբար եմ ասում` մեր ազգային հարցերի լուծման համար կա մեկ ճիշտ գործիք՝ բանակցություններ։ Երկու տարի է պատասխանը քաղաքական միավորներից զրո է, ու ամենացավալին` իշխող կամ պետական ինստիտուտների մակարդակի ընդդիմացողներիցն է։

Փորձեմ հակիրճ անդրադառնալ վարքագծային և ընկալումների հարցին։

Երկու տարի է՝ իշխող խմբերի մոտ ավելի շատ իրավիճակից օգտվելու մոտեցում եմ նկատում։ Իրականում դա վերջին 30 տարիների նույնական վարքագիծն է։ Միգուցե դրա համար է, որ իմ համար նախկին ու ներկա սահմանը չկա, կա արժեքային ընկալում, որ դա պարզապես իշխողների վարքագիծ է։

Ընդդիմադիրների հարցն այլ է։ Իսկ մեզ դրանից ի՞նչ։ Դե, եթե հատուկ ոչինչ, ապա էլ ինչ, գնա դու էլ համոզի։ Լավ, համոզում եմ, բայց երևի ես էլ այնպես կարևոր մեկը չեմ, ում ասածը բանի տեղ կդնեն։ Ընդունում եմ։ Ներողություն, բայց արդյունքս զրո է։ Չի ստացվում։ Բայց հույսս չեմ կորցնում, որ կգտնվի այն ճիշտ մեկը, ով կասի` դե եկեք... ու արդյունք կունենանք։

Հասարակ մարդիկ։ Այստեղ ամենացավալին է, քանի որ ով համարում է, որ պետք է արձագանքի, ընդամենը նույն բանն է ասում` իսկ ո՞ւմ հետ բանակցենք ու... մի էջ պիտակներ։

Ժողովուրդ, ինձ կասե՞ք, բա ինչի՞ այդ հարցը չեք տալիս Ադրբեջանի հետ բանակցելուց։ Ալիևյան կլան ասելուց ես ունեմ մի քանի ասոցիացիա՝ թշնամի, որը մեզ պարզապես ցանկանում է ոչնչացնել, ու բաց կրակում է իմ հայրենակցի վրա (մեր 18-20 տարեկան զինվորի կամ ցանկացած տարիքի սպայի վրա), կոռուպցիա (ու այդ գումարները օգտագործում մեր դեմ), բռնապետ, ժողովրդավության թշնամի, ֆեոդալ և այլն, և այլն: Բայց հենց հարցը գալիս է բանակցելուն, թշնամի Ալիևի հետ գնում ենք խոսալու և ընդունում ենք նրան, իսկ իրար կողքի ապրող հայի հետ` ոչ։

Չեմ կարողանում ընկալել, թե այդ ինչն է այդքան վախեցնում հային բանակցել հայի հետ։ Իրականում պատասխանն ունեմ։

Հ. Գ. Որևէ հայի կողմից պատճառած ցավն իմ համար երբեք չի կարող լինել ավելին, քան թուրքի կամ ադրբեջանցու պատրաստակամությունն այլ հայի ցավ պատճառելը, այլ հային կյանքից զրկելը կամ երազելը` մեզ ոչնչացնելու։

Հ. Գ.-2 «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց» ( “Let us never negotiate out of fear, but let us never fear to negotiate.” ) Քենեդու այս խոսքերն իսկապես նաև մեզ համար են:

Հ. Գ.-3 Որևէ հայի ցավ պատճառելն ինձ համար անթույլատրելի է` լինի դա հայի թե որևէ այլ ազգության ներկայացուցչի կողմից։ Իսկ ներելու պատրաստակամությունն սկսվում է հենց հայից, ոչ թե այլ ազգերի ներկայացուցիչներից։ Իսկ ներել իմանալու ունակությունը՝ նույնն է, ինչ սիրել իմանալը։ Արդյո՞ք գիտենք սիրել: Հարցրեք ինքներդ ձեզ ու պատասխանեք ինքներդ ձեզ, թե ում հետ պետք է կարողանանք բանակցել իսկսզբանե։

Առողջություն բոլորին։ Աստված պահապան մեր ժողովրդին»։

7001 | 0
Facebook