Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թումո տնից» առցանց ուսուցման հարթակը միավորում է 10 հազար ուսանողի

02:10, չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ.
«Թումո տնից» առցանց ուսուցման հարթակը միավորում է 10 հազար ուսանողի

Թումոյի առցանց ուսուցման հարթակը միավորում է մոտ 10.000 ուսանողի` ինքնուսուցման, դասընթացների ու աշխատարանների շուրջ: Արտակարգ դրություն հայտարարվելուց ի վեր Թումոն անցավ հեռավար ուսուցման։ Վերջին 4 ամիսների ընթացքում Թումոյի թիմն առցանց հարթակ տեղափոխեց կրթական ծրագրի բոլոր բաղադրիչները. Թումո տնից ծրագրի շրջանակներում պատանիներն արդեն մասնակցում են ինքնուսուցման, առցանց դասընթացների, աշխատարանների, միջոցառումների, ինչպես նաև օգտվում են վերջերս գործարկված myTUMO բջջային հավելվածից։

Թումոյի 14 ոլորտներում իրականացվում են ոչ միայն դասընթացներ Թումոյի դասընթացավարների հետ, այլև աշխատարաններ շուրջ 50 միջազգային մասնագետների ղեկավարմամբ: Microsoft-ը, Facebook-ը, Google-ը, Կոլումբիայի համալսարանը և այլ առաջատար կազմակերպություններ ներկայացնող մասնագետներն աշխատում են ուսանողների հետ աշխարհի տարբեր անկյուններից` Արգենտինայից մինչև Ֆինլանդիա: Այս ընթացքում անցկացվող ավելի քան 400 դասընթացներին և աշխատարաններին միացել է շուրջ 10․000 մասնակից։

Ուսանողների շրջանում իրականացված հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ նրանց մեծամասնությունը հնարավորություն ունի միանալ առցանց դասընթացներին միայն սմարթֆոնով։ Նպատակ ունենալով ապահովել առավելագույն մատչելիություն և հասանելիություն` ստեղծվեցին դասընթացներ, որոնց ուսանողները կարող են մասնակցել ոչ միայն համակարգչով, այլև սմարթֆոնով: Արդեն երեք ամիս է՝ շաբաթը մեկ անգամ անցկացվում է Tumo Live առցանց միջոցառումների շարքը, որին մասնակցում են տեխնոլոգիաների և արվեստի փորձառու ու հանրահայտ մասնագետներ, այդ թվում՝ երաժիշտներ Սերժ Թանկյանը և Միշոն, տեխնոլոգիաների առաջատար Facebook-ի Oculus-ի ինժեներ Գալյա Հարությունյանը, ռուս հայտնի բլոգեր Իլյա Վարլամովը, Marvel-ի և DC-ի համար աշխատած կոմիքսների նկարիչ Դեն Փանոսյանին և այլք: Համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակն առավել արդիական դարձրեց որոշ ընթացիկ ծրագրերի կարևորությունը, օրինակ՝ գործարկվեց myTUMO բջջային հավելվածը։

Հավելվածը Թումոյի ուսանողներին հնարավորություն է տալիս հետևել իրենց կրթական ընթացքին, կապի մեջ մտնել մարզչի հետ, գրանցվել դասընթացներին և այլն: Նշենք, որ այն թողարկումից մեկ օր հետո դարձավ կրթական կատեգորիայում Հայաստանում ամենաշատը ներբեռնված հավելվածը։ Շուտով նոր ձևաչափով կմեկնարկի նաև Թումոյի ամառային ճամբարը։ Այս տարի ճամբարին կկարողանա մասնակցել Հայաստանի հեռավոր գյուղերում բնակվող մոտ 80 պատանի։ Իզմիրլյան հիմնադրամի, Վահան Քոլոլյանի, IGEFA հիմնադրամի, Լինդա Ազարյանի, AEF֊ի աջակցության շնորհիվ երկու շաբաթով նրանց տրամադրվելու են համակարգիչներ և Թումոյի առցանց դասընթացների մասնակցության հնարավորություն: Չնայած աշխատանքային նոր պայմաններին՝ շարունակվում են Հայաաստանի և արտասահմանյան Թումո կենտրոնների շինարարական աշխատանքները․ դասերի վերսկսվելուն պես կբացվի նոր Թումո Գյումրին` թատրոնի պատմական շենքում, ավարտին են մոտենում Դիլիջանի կենտրոնի վերանորոգման և ընդլայնման աշխատանքները, իսկ Կողբի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում Գավառում և Բերդում Թումո տուփի գործարկման համար: Այն նախատեսված է լինելու փոքր համայնքների պատանիների համար, որտեղ նրանք անցնելու են ինքնուսուցման փուլերը, իսկ դասընթացների համար մեկնելու են Թումո Դիլիջան:Արդեն այս տարի կբացվեն Մոսկվայի, Բեռլինի, Կիևի և Տիրանայի Թումո կենտրոնները: Հատկանշական է, որ Թումո տնից ծրագիրը Հայաստանում գործարկելուց որոշ ժամանակ անց՝ հաշվի առնելով հաջողությունը, այն սկսեցին օգտագործել նաև Փարիզի և Բեյրութի կենտրոնները, իսկ Թումո Մոսկվան, դեռ շենքի շինարարական աշխատանքները չավարտած, արդեն սկսել է առցանց դասընթացները։

Թեմային առնչվող հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանի հետ (+374 95 256 100, lilit.tovmasyan@tumo.org)։

5016 | 0
Facebook