Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ռուսաստանը փորձելու է պարբերաբար օգտագործել Քոչարյանին». Արման Բաբաջանյան

23:50, երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
«Ռուսաստանը փորձելու է պարբերաբար օգտագործել Քոչարյանին». Արման Բաբաջանյան

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված 300․1 հոդվածի սահմանադրականության հարցով հուլիսի 7-ին ՍԴ-ն նիստ է հրավիրել։

Եթե հակասահմանադրական ճանաչվի այդ հոդվածը, «Մարտի 1»-ի գործով այսօր ընթացող դատական գործի քննությունն ընդհանրապես կդադարի։

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Ֆակտոր TV»-ի եթերում պատասխանելով հարցին, թե դատարանն այս կազմով կհասցնի՞ Քոչարյանի գործով որոշում կայացնել, ասել է. «Ես կարծում եմ՝ առաջիկայում կլինեն գործընթացներ, որոնք կկանխեն առհասարակ այդ գործի քննությունը։ «Մարտի 1»-ի գործը չափազանց կարևոր է մեր պետության համար։ Սա սովորական քրեական գործ չէ։ Սա, առհասարակ, Ռոբերտ Քոչարյանի հարցը չէ, այլ բազմաթիվ պաշտոնյաներ են անցնում այդ գործով, այդ թվում՝ Պաշտպանության նախկին նախարարը, որ փախել է Ռուսաստան, պատսպարվել և նա ուղիղ մեղսակցություն ունի բանակի ներգրավման հետ այդ պրոցեսներում։ Հետևաբար՝ «Մարտի 1»-ի գործի տապալումը, և առհասարակ, Ռոբերտ Քոչարյանին անմեղ հռչակելը նախկին քաղաքական խմբակների համար դարձել է կյանքի խնդիր, և Սահմանադրական դատարանը հովանավորում է այդ»,- ասել է պատգամավորը։

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ-ն, Միքայել Մինասյանը կարո՞ղ են ունենալ նույն քաղաքական ծրագիրը՝ այս իշխանության տապալումը, Արման Բաբաջանյանը պատասխանել է․ «Ռոբերտ Քոչարյանին հայաստանյան ներքաղաքական կյանքում չեմ համարում քաղաքական գործոն։ Այո, Ռուսաստանը փորձելու է պարբերաբար նրան օգտագործել, և նա էլ պիտի փորձի օգտագործվել, որովհետև, եթե դու չունես անհրաժեշտ աջակցությունը ժողովրդի, դու չես կարող անընդհատ 5000 դրամներով կամ պիցցաներ բաժանելով ԱԱԾ շենքի դիմաց ակցիաներ հրահրել։ Ի վերջո, կա համընդհանուր կոնսենսուս, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է և նրա դրած հիմքերը՝ քրեաօլիգարխիկ համակարգը, մեզ համար մերժելի են և առհասարակ, մենք իրեն չենք նկատում քաղաքական կյանքում որպես դերակատար։ Ինչ վերաբերում է մյուսներին, իհարկե, նրանք փորձեր կշարունակեն անել, բայց հաջողության մասին միամտություն է նույնիսկ երազել»:

Մանրամասները` տեսանյութում:

«Ռուսաստանը փորձելու է պարբերաբար օգտագործել Քոչարյանին». Արման Բաբաջանյան
4998 | 0
Facebook