ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրոմիության երկրներին կառաջարկվի սկսել սահմանների բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար հուլիսի 1-ից։ Սահմանների բացումը տեղի կունենա փուլերով՝ տարբեր երկրների համար: Բրյուսելը կառաջարկի Եվրոմիության անդամ երկրներին համակարգված մոտեցում ցուցաբերել՝ հիմնված սահմանների մասնակի և աստիճանական բացման վրա, հայտնում է France24-ը: Եվրոհանձնաժողովը հաշվի կառնի նաև այն հանգամանքը, որ որոշ երկրներ արդեն իսկ սկսել են միակողմանի թուլացնել սահմանների վրա վերահսկողությունը: Հիշեցնենք՝ մարտի 17-ի կեսօրից փակվել էին Եվրոմիության արտաքին սահմանները, ինչպես նաև սահմանները Շենգենի՝ առանց վիզայի գոտու ներսում։ Սահմանների փակումը երկու անգամ երկարացվել էր։