Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկաններն ասֆալտին են փռել Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն

21:27, երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ.
Ոստիկաններն ասֆալտին են փռել Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանի և ոստիկանության աշխատակիցների միջև, որի արդյունքում ոստիկանները ուժ են կիրառել Արտակ Ալեքսանյանի և նրա հետ եղած անձանց նկատմամբ, գրում է Hraparak-ը: Պատճառը եղել է պարետատան կանոններին և ոստիկանի պահանջին չենթարկվելը: Նշված օրը Արտակը իր ընկերոջ` ՔՊ-ական Ռոման Մուրադյանի հետ, որը մարզիկ է, և հայտնի է որպես Նորագյուղցի Ռոման, նստած են եղել Աբովյան փողոցում գտնվող «Կոնգ» ժամանցի օբյեկտում:
     Ոստիկանները մտել են օբյեկտ և հայտնել, որ պարետի որոշմամբ` այն պետք է փակվի, և ներկաներին խնդրել են լքել տարածքը: Ալեքսանյանն ու ընկերը չեն ենթարկվել պահանջին, ինչի արդյունքում սկսվել է քաշքշուկ: Արդեն դրսում ոստիկանները ուժ են կիրառել` Ալեքսանյանի եղբոր որդուն, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, փռել են ասֆալտին: Մեր ձեռքն է հայտնվել միջադեպի տեսանյութը, որտեղ նաև սպիտակ շորերով մի կին է երևում, որը, ըստ տեղեկության, Արտակի կինն է: Նա, ոտքով հարվածելով, փորձում է ազատել ամուսնուն ոստիկանների ձեռքից:

Ոստիկանությունից հաստատեցին եղելությունը` միջադեպի վերաբերյալ տալով հետևյալ պարզաբանումը. «Հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբերից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։
     Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»:

Ոստիկաններն ասֆալտին են փռել Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն
44069 | 2
Facebook